«Բուրգեր Քինգում՚ պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը գնահատվում է որպես ծանր, մնացած 6-ինը` միջին ծանրության
Արմինֆո. Ապրիլի 3-ին հիվանդանոցից դուրս է գրվել նախօրեին Հյուսիսային պողոտայում արագ սննդի կետում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը։
Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։ Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության: Նաև նշվում է, որ գիշերը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեսակցել է տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակով և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: