Ռուսաստանը չի մեղադրում Թուրքիային Ղարաբաղում հակամարտության սրացման մեջ. Լավրով
Ռուսաստանը չի մեղադրում Անկարային Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման մեջ, հայտարարել է երկուշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/ . Ռուսաստանը չի մեղադրում Անկարային Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման մեջ, հայտարարել է երկուշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք մեղադրում որևէ արտաքին դերակատարի նրանում, որ հենց իրենք են սադրել լարվածության ներկա բռնկումը, չենք մեղադրում նաև Անկարային», - ասել է Լավրովն իր մոլդովացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ, հայտնում է Ինտերֆաքսը:
«Կարող ենք փաստել, որ կան փորձեր (ձախողելու կարգավորումը) նրանց կողմից, ում ձեռնտու չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար մոտեցումները», - ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–