Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2016 թ.–ի հունվարին ավելացել է 5,5%–ով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5,5 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5,5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԱՎԾ–ի տվյալներով` սպառողական գների անկումը 2016 թ.–ի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 0,4 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գները կրճատվել են 6,3 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 94 430,4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք։ Այս ցուցանիշն ավելացել է 15,7 տոկոսով` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 16 012,2 մլն դրամ (1,5 տոկոսի աճ), շինարարության ծավալը` մոտ 8 247,6 մլն դրամ (5,1 տոկոսի աճ), ներքին առևտրաշրջանառությունը` 117 958,4 մլն դրամ (2,7 տոկոսի անկում) և ծառայությունների ծավալը` մոտ 89 245,7 մլն դրամ (5,1 տոկոսի աճ)։
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թ.–ի հունվարի արդյունքում կազմել է մոտ 242,4 մլն դոլար` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով մոտ 13,8 տոկոսով։
Ըստ բյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով։ –0–