Երևանյան ՖՄԿ գագաթնաժողովն իմիտացիոն բնույթ չէր կրում, այն անցավ անկեղծ մթնոլորտում․ Հովհաննես Իգիթյան
Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցի (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցավ բարձր մակարդակով:
Tert.am-ի հետ զրույցում նա սակայն նկատեց, որ գագաթնաժողովի արդյունքները Հայաստանը դեռ պետք է արձանագրի գալիք տարիներին, գագաթնաժողովը դեռ սկիզբն է․ Հայաստանը ստանձնել է կառույցի նախագահության լիազորությունները և դեռ ծրագրեր ունի իրականացնելու:
«Որքանով ես հասկացա միջոցառմանը մասնակից երկրների ներկայացուցիչների հետ իմ շփումներից, միջոցառումն անցել է բարձր մակարդակով: Այնտեղ էին տարբեր երկրներից մարդիկ, որոնք ծանոթ էին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներին: Նրանք հետաքրքրությամբ էին նայում և հույսով էին լցված Հայաստանի ապագայի նկատմամբ: Կային երկրներ, որոնք ծանոթ չէին Հայաստանի հետ, նոր էին բացահայտում Հայաստանն իրենց համար: Կային երկրներ, որոնք Իսլամական երկրների միության անդամ էին, և տեսնելով Հայաստանը՝ իր զարգացած ժողովրդով, զարմացած էին»,- ասաց նա՝ նկատելով, որ դրա պատճառն էլ այն էր, որ Ադրբեջանն է մեզ այդ կառույցում այլ կերպ ներկայացնում:
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ արդեն նախագահությունը ստանձնած Հայաստանը պետք է փորձի գործնական քայլերի դիմել: «Այս համատեքստում պետք է կրթական, մշակութային արժեքները կարևորել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ կարևոր էր, որ ՖՄԿ գագաթնաժողովը չէր կրում իմիտացիոն բնույթ: «Բավականին անկեղծ մթնոլորտում անցավ: Սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած կազմակերպիչներից՝ բոլորի անկեղծությունը զգացվում էր»,- ասաց նա:
Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Հայաստանը կարողացավ օգտագործել Ֆրանկոֆոնիայի հարթակը նաև այլ երկրների հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու համար:
Նրա նկատառմամբ՝ վարչապետ Փաշինյանը նաև կարողացավ օգտագործել ՖՄԿ գագաթնաժողովի ամբիոնը Հայաստանի շահերը ներկայացնելու, խնդիրների մասին բարձրաձայնելու համար: «Ներկայացրեց մեր բոլոր խնդիրները, այդ թվում, տարածաշրջանային խնդիրները»,-ասաց նա:
Միջազգային հարցերով փորձագետը շատ կարևոր համարեց ՖՄԿ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում Լեռնային Ղարաբաղի մասին ձևակերպումները:
«Ղարաբաղի հիմնահարցի մասը շատ կոնստրուկտիվ էր: Դա նշանակում է, որ կազմակերպությունն ունի օրինական փաստաթուղթ, և կառույցում ընդգրկված երկրները կարող են առնչվել դրան: Դա նաև նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը շատ հայտնի է Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցում»,- ասաց նա:
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողողի և ՖՄԿ նախագահությունը ստանձնած Հայաստանի լավագույն արդյունքը երկու տարի հետո, ըստ Հովհաննես Իգիթյանի կլինի այն, որ տնտեսական կապերը ՖՄԿ երկրների միջև զարգանան:
«Ֆրանսիական կազմակերպությունները հայտնի են թե՛ տեխնոլոգիայով, թե՛ իրենց արտադրությամբ: Նրանց հետ համագործակցելու ճանապարհ պետք է գտնենք: Եվ իհարկե պետք է փորձենք նաև մտնել աֆրիկյան շուկա: Բացի այդ՝ 80-ից ավելի երկրների ղեկավարություններ էին Հայաստան ժամանել, իսկ դա կարող է խթան լինել այդ երկրներում Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար: Մենք պետք է քայլեր անենք մեր նախագահությունը ստանձնած շրջանում, որ արդյունքներ ունենանք: Եվ դա Հայաստանը պետք է անի միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասաց նա: