Արմեն Գյուլբուդաղյանցը` Ջիբրալթարից կրած պարտության մասին. Դաժան պատմություն էր
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց Ջիբրալթարին (0:1):
Խաղից հետո մամուլի ասուլիս տվեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը.
Խաղի մասին.
«Դաժան պատմություն էր: Մի շարք պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք օգտագործել»:
Հրայր Մկոյանին մեկնարկային կազմում ընդգրկելու մասին.
«Մկոյանը փորձառու ֆուտբոլիստ է ու հանդես է գալիս երկար տարիներ:
Ամբողջ խաղի ընթացքում լավ խաղաց. միայն 11 մետրանոցի դրվագի ընթացքում սխալվեց: Նրան մեկնարկային կազմում ընդգրկեցինք, քանի որ կարծում էինք, որ այս խաղով մարզավիճակ կհավաքի ու կխաղա Մակեդոնիայի հետ»:
Յուրա Մովսիսյանի և մարտավարության մասին.
«Սպասենք, որ Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի: Մենք սպասում էինք, որ նա 1 խաղակես կխաղա: Ինձ թվում էր, որ նրա ֆիզիկականը թույլ կտար, որպեսզի մեկ խաղակես լավ խաղար: Մյուս հանդիպումներում ավելի լավ կխաղանք, ավելի շատ պահեր կստեղծենք ու կհաղթենք»:
Ինձ համար կարևոր է գոլային պահեր ստեղծելը, այլ ոչ թե գնդակին տիրելը: Թե՛ մոտ, թե՛ հեռահար դիրքերից պահեր ունեինք: Պարզապես, այսօր վերջին փոխանցումը չստացվեց»:
Ազգերի լիգայում մեր հնարավորությունների մասին.
«Հնարավորություն ունենք Ազգերի լիգայում, կպայքարենք մինչև վերջ: Ինչ վերաբերվում է գլխավոր մարզչի պաշտոնում իմ մնալ-չմնալուն, ապա դա կորոշի ղեկավարությունը: Մինչև 2020 թվականը կփորձեմ հավաքականին փոխանցել իմ գիտելիքները, փորձը, եռանդը»:
Անակնկա՞լ էր արդյոք պարտությունը.
«Ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է: Պարտության ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում; Պարտավոր էինք հաղթել, եթե նայենք պատմությանն, այսպիսի դեպքեր կգտնենք»:
Արդյո՞ք Ձեր վրա զգում եք ամոթի զգացումը (Խաղի վերջում երկրպագուները մարզադաշտից վանկարկում էին՝ «Ամոթ»-խմբ.)
«Իհարկե զգում ենք: Ֆուտբոլիստների մոտ անմնացորդ նվիրում տեսա: Փորձեցին խաղալ մինչև վերջ, բայց չստացվեց: Իրական գոլային 7-8 պահ ունեցանք: Կասկածելի 11 մետրանոցից բացի, այլ պահեր չուներ մրցակիցը»:
Պետրոս Ավետիսյանին խաղալու հնարավորություն չտալու մասին.
«Պետք է որոշեինք փոխարինման դուրս բերել Մարկոսին կամ Պետրոսին: Որոշում ընդունեցինք, որ Մարկոսը խաղա: Իհարկե, ընթացքում պետք է երիտասարդական հավաքականից էլ ֆուտբոլիստներ ընդգրկենք ազգային թիմում»: