Արջերը քաղցած են, մարդիկ՝ ահաբեկված. եղանակը Չուկոտկայի գյուղերից մեկի բնակիչներին մշտական վախի մեջ է պահում
Ռիրկայպի գյուղի բնակիչներն այս ձմեռը դեռ երկար կհիշեն: Բանն այն է, որ Չուկոտկայի ինքնավար մարզում գտնվող ավելի քան 600 բնակիչ ունեցող գյուղի մոտակայքում են մեկտեղվել շուրջ 60 սպիտակ արջեր: Քաղցած կենդանիներն այս տարածքում էին մինչեւ դեկտեմբերի կեսերը եւ օրերս են միայն սկսել հեռանալ:
Գյուղի բնակիչները վախենում էին դուրս գալ փողոց, երեխաները դպրոց էին գնում միայն հատուկ ավտոբուսներով, փողոցներում հերթապահում էին պարեկները:
Ինչու՞ են գիշատիչներն այդքան երկար մնացել ափին, չէ՞ որ տարածաշրջանում սառնամանիքներն արդեն սկսվել են: Բանն այն է, որ դեռեւս լիարժեք ձմեռը չի եկել: Նոյեմբերին եւ դեկտեմբերին ջերմաստիճանն այստեղ միջինից զգալիորեն բարձր էր, այդ պատճառով սառցաշերտերը ժամանակին չեն ձեւավորվել: Իսկ սառույցը սպիտակ արջերի համար գոյության հիմք է հանդիսանում:
Այդ կենդանիներն ընտելացած չեն ափամերձ շրջաններում ապրելուն՝ ամառվա վերջից մինչեւ ձմեռ, երբ ծովը դեռ սառցակալած չէ: Լիարժեք կերպով որս անելու եւ սնվելու համար նրանց անհրաժեշտ են շելֆային սառցաշերտեր կամ խոշոր լողացող սառցակտորներ: Սպիտակ արջերի սննդի հիմնական մաս են կազմում փոկերը, իսկ նրանց կարելի է որսալ սառույցի վրա:
Ցամաքի վրա սպիտակ գիշատիչները պետք է բավարարվեն լեշերով՝ մրցակցելով միմյանց հետ, իսկ փոկերի որսի եզակի փորձերն անհաջողության են մատնվում:
Ի դեպ, Ռիրկայպի նշանակում է «փոկերի ծվարատեղ»: Այստեղ են կուտակվում հազարավոր փոկեր, ինչն էլ գրավում է սպիտակ արջերին:
Հատկանշական է, որ 2 տարի առաջ եւս գյուղը կանգնել էր գիշատիչների հարձակման վտանգի առաջ:
Ռուսաստանցի կենսաբանները եւ նրանց արտասահմանցի գործընկերներն Արկտիկայում արձանագրել են սպիտակ արջերին ոչ բնորոշ վարքագիծ: Ըստ մասնագետների՝ սառցաշերտերի գոյացության համար անհրաժեշտ է կայուն եղանակ՝ -30-35 ºС, սակայն այս շրջանում պահպանվել է -12-17 ºС ջերմաստիճան:
Օրերս սպիտակ արջերը սկսել են լքել գյուղի շրջակայքը՝ տեղաբնակներին հանգիստ շունչ քաշելու հնարավորություն ընձեռելով:
Աղբյուր՝ travelask.ru
The post Արջերը քաղցած են, մարդիկ՝ ահաբեկված. եղանակը Չուկոտկայի գյուղերից մեկի բնակիչներին մշտական վախի մեջ է պահում appeared first on ԳԱԼԱ.