Ինձ այսքան ժամանակ չեն անհանգստացրել, կարծում եմ՝ որևէ լուրջ խախտում չի հայտնաբերվել. Վանեցյանը՝ իր հրաժարականից հետ ՊՎԾ կողմից ԱԱԾ-ում ստուգումների մասին
Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ ասել՝ ես և իմ ընտանիքի անդամները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ որևէ առնչություն չունենք, մեր ընտանիքի անդամները չեն հանդիսանում այդ կոմբինատի սեփականատերերից մեկը։ Այս մասին «Պրեսինգ» հաղորդմանը եթերում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո իրեն փորձել են վարկաբեկել՝ ասելով, թե իր հորեղբորորդին բաժնետերերի շարքում է։
Հարցին՝ իր հրաժարականից հետո ՊՎԾ-ն ԱԱԾ-ում ստուգումներ էր սկսել, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, Վանեցյանն ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, պետք է դիմել այդ կառույցներին։ «Բայց դատելով նրանից, որ այսքան ժամանակ ինձ այդ հարցով որևէ մեկը չի անհանգստացրել, կարծում եմ՝ որևէ լուրջ խախտում չի հայտնաբերվել»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ ՊՎԾ՝ լիազորությունները դադարեցված ղեկավարը հայտարարել է, թե իր դեմ գործ է կարվել, և ավելացրել՝ ամենում Վանեցյանի գործոնն էլ կա, նաև ասել է, Վանեցյանի և իր հարաբերությունները սրվել են ԱԺ ընտրությունների ընթացքում, Վանեցյանը պատասխանեց. «Այդ գործը դատարանում է և դատաքննության փուլում, ես կոռեկտ չեմ համարում այս փուլում որևէ հայտարարություն անել գործի վերաբերյալ, երբ կավարտվի դատաքննությունը, հանրությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները»։
Ինչ վերաբերվում է Սանասարյանի մնացած հայտարարություններին,Վանեցյանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել ի սկզբանե սուտ և իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարությունները։ «Եթե կան փաստեր, թող ներկայացնեն։ Խոսելով և ցեխ շպրտելով որևէ բան անել չի կարելի։ Ես միշտ խոսել եմ փաստերով, շարունակում եմ հորդորել բոլորին անել այդպես, եթե բան ունեն ասելու, ներկայացնելու, խնդրե՛մ, թող բերեն, ներկայացնեն փաստեր»,- ասաց նա։