9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանի աշխատավարձը ռեզերվ տեղափոխվելուց հետո պահպանվել էր, ավելին՝ նրան այլ պաշտոնում էին նշանակել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Երևանում օրերս 9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանը և նրա մայրը «ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածի համաձայն՝ հոկտեմբերի 18-ից տեղափոխվել էին Քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:
«Սա նշանակում է, որ շուրջ 6 ամիս նրանք շարունակելու էին ստանալ իրենց աշխատավարձը` առանց որևէ փոփոխության, և համարվում էին քաղաքացիական ծառայող՝ հնարավորություն ունենալով նշանակվելու քաղաքացիական ծառայության մեկ այլ պաշտոնի»,- ասաց նա:
Գնդոյանը նաև նկատեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը, ընդառաջելով Գայանե Հարությունյանի՝ իր մասնագիտական գործունեությունը համակարգում շարունակելու դիմումին, հանձնարարել է, որ նրան աշխատանքի ընդունեն «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային սեյսմակայունության կենտրոնի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման առաջատար մասնագետի պաշտոնում, որտեղ աշխատել է 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից:
«Հաշվի առնելով Գայանեի աշխատանքային փորձը նախարարությունում՝ նրան ընդառաջել են և նշանակել զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան նախատեսված է ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի պաշտոնի համար: Գերատեսչությունում առհասարակ և ՊՈԱԿ-ում մասնավորապես ընդունված է հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցել աշխատակիցներին՝ ըստ անհրաժեշտության: Դեպքեր են եղել, երբ աշխատակիցները դիմել են որևէ հարցի վերաբերյալ ֆինանսական օգնություն ստանալու համար, և երբևէ նախարարության աշխատակազմը չի մերժել աջակցելու հարցում, սակայն Գայանեի կողմից անգամ նման դիմում չի եղել»,- ընդգծեց Նանա Գնդոյանը:
ԱԻՆ մամուլի խոսնակը նաև նկատեց, որ դեռևս պարզ չեն Գայանեի ինքնասպանության դրդապատճառները. «ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական վարկածով կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով, այսինքն՝ դեռ պարզ չեն կամրջից վայր ընկնելու պատճառները և հանգամանքները:
«Ուստի խնդրում ենք մինչև քննության ավարտը հնարավորինս զերծ մնալ տարբեր վարկածներ առաջ քաշելուց ու գնահատականներ տալուց»,- շարունակեց Նանա Գնդոյանը:
Հիշեցնենք, որ ԱԻՆ աշխատակից Գայանե Հարությունյանի և նրա դստեր դիերը հայտնաբերել են փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջի տակ: