Լուկյանով. ՌԴ-ը հաջողությամբ խուսանավում է Երևանի ու Բաքվի միջև
ՌԴ-ի կողմից զենքերի վաճառքն այդ երկու երկրներին ոչ այնքան դրական զգացմունքներ է առաջացնում Բաքվի ու Երևանի մոտ, սակայն ՌԴ-ը միշտ առաջնորդվել է այն սկզբունքով, որ տարածաշրջանում կայունությունը կախված է ուժերի բալանսից և փոխադարձ զսպումից: Կողմերն ունեն ներուժ և այն ասիմետրիկ է: Հենց այդ հանգամանքն է նրանց հետ պահում ռազմական գործողությունների վերսկսումից: Այդ մասին հայտարարել է «Валдай» ակումբի գիտական տնօրեն, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:
Քաղաքագետը ընդգծել է, որ ՌԴ-ը հանդիսանում է ՀՀ-ի դաշնակիցը, սակայն հակամարտությունը վերաբերվում է ոչ թե ՀՀ-ին, այլ մի տարածքի, որ «ՌԴ-ը և այլ երկրները համարում են Ադրբեջանի մի մաս», փոխանցում է ВЗГЛЯД-ը:
«ՌԴ-ի անվտանգության երաշխիքները տարածվում են ոչ թե Ղարաբաղի, այլ ՀՀ-ի վրա: Ադրբեջանը նույնպե կարևոր երկիր է մեզ համար: Խուսանավումը բավականին հաջող է ընթանում մեզ համար: Կողմերի հետ հարաբերություններ ունենալու շնորհիվ ՌԴ-ը կարող է նպաստել խաղաղությանը, ինչը հերթական անգամ տեղի է ունեցել: Իսկ իրականում, այս և այն կողմը կցանկանար, որ ՌԴ-ը ամբողջությամբ կանգներ նրանց կողքին, սակայն այդպիսի բան չի լինելու: ՌԴ-ի շահերը ավելի դիվերսիֆիկացված են, քան կողմերից յուրաքանչյուրի շահերը»,-նշել է Լուկյանովը: