Հայաստանի համար բացառիկ իրավիճակ է ստեղծվել ռուս-ֆրանսիական հարաբերությունների բարելավման ֆոնին. Արման Ավագյան
Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանի բնորոշմամբ՝ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը բավական կոշտ է զրուցել։ Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հանդիպումը՝ նա մատնանշեց, որ Ֆրանսիայի նախագահի դժգոհության պատճառը Թուրքիայի կողմից ֆրանսիացի լրագրողին բանտարկելն է:
«Թուրքիայից պահանջել է, որ վերանայի դիրքորոշումը»,- նշեց նա:
Արման Ավագյանը հիշատակեց՝ դեռևս նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանի հարևանությամբ հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ շատ խորապես ցավում է Թուրքիայի ընտրած ուղու համար և համաձայն չէ դրա հետ։
«Ըստ Մակրոնի՝ Թուրքիայի Եվրոպա ինտեգրվելու հարցը դեռ վաղ է քննարկել՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայում ընթացող վերջին զարգացումները։ Նախագահ Մակրոնը օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին առաջին պաշտոնական հանդիպումը ունեցավ։ Օրակարգում հատկապես ֆրանսիացի լուսանկարիչ-լրագրող Մատիաս Դեպարդոնի ազատազրկման հարցն էր, որի վերաբերյալ Էրդողանը խոստացավ լուծում գտնել»,- հիշատակեց նա:
Արման Ավագյանը նկատեց նաև, որ երկու նախագահներն այնուամենայնիվ քննարկել են անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցերը, չեն շրջանցվել նաև արդյունաբերությանն ու եվրոպական ինտեգրմանն ուղղված հարցերը։
«Ի վերջո, Նախագահ Մակրոնը համարում է, որ Եվրոպան չպետք է փակի իր դռները Թուրքիայի հետ։ Ըստ երևույթին հետագա զարգացումները կախված կլինեն Էրդողանի ընտրած քաղաքական ուղուց»,- ասաց նա:
Անդրադառնալով Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը՝ նա նկատեց՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահի համար ուրիշ ավելի հարմար առիթ չէր լինի, քան Պետրոս 1-ին նվիրված ցուցահանդեսը, այն էլ Վերսալի դղյակում, որպեսզի հանդիպեր արդեն քսան տարի իշխանության ղեկին գտնվող Պուտինի հետ։
«Չէ՞ որ հենց Պետրոս Առաջինն է, որ Պուտինի համար հանդիսանում է ամենամեծ ռուսական հեղինակություններից մեկը։ Մակրոնը սիրում է պատմական սիմվոլիկան և ամենահարմար առիթն օգտագործեց թագավորական Վերսալում ընդունելու Պուտինին, նրան ի ցույց դնելու ու Ֆրանսիայի մեծությունը և նրա հետ խոսելու հավասարը հավասարի հետ»,- նշեց նա:
Նախագահ Մակրոնի համար, ըստ Արման Ավագյանի, Պուտինի հետ հանդիպումը G7 գագաթաժողովից հետո երկրորդ կարևոր հանդիպումն էր Ֆրանսիայում տեղ ունեցող հունիսյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
«Ֆրանսիայի համար սա ամենահարմար պահն էր միջազգային հարթակում առաջնություն վերցնելու համար. Նախագահ Թրամփը զբաղված է ներքին քաղաքական խնդիրներով, Մերկելը պատրաստվում է ընտրություններին։ Եվ վերջապես Օլանդից ժառանգած ավերակների վրա ռուս-ֆրանսիական հարաբերությունները միայն կարող էին առաջընթաց ունենալ։ Եվ վերջիվերջո Պուտինն էլ է գտնվում ամենավատ տնտեսական վիճակում․ նա ավելի քան երբեք մեկուսացած է միջազգային հարթակում, տնտեսական սանկցիաները արդեն զգացնել են տալիս ռուսական բոլոր խավերի համար»,- ասաց նա՝ նշելով, որ Մակրոնի նորամուծությունը Պուտինի հետ պրագմատիկ երկխոսություն սկսելն է և՛ սիրիական, և՛ ուկրաինական հարցերում։
Անդրադառնալով ռուսական մամուլի հանդիպման մասին արձագանքներին՝ նա նշեց, որ դրանք, հավատարիմ մնալով իր գործելաոճից, պետք է հայտարարեին, որ Մակրոնը միայն փորձեր է անում ուժեղ երևալու:
«Այնինչ պետք է գրանցել, որ ռուսական տնտեսաքաղաքական վիճակը անհամեմատելիորեն ավելի վատթար վիճակում է, քան Ֆրանսիայինը։ Եվ Մակրոնը, ի տարբերություն իր նախորդների, շատ ավելի համարձակ գտնվեց և բավականին կոշտ, բայց Ֆրանսիային բնորոշ դիվանագիտական լեզվով Պուտինին հասկացրեց, որ ժամանակն է ավելի փափուկ քաղաքականություն վարել հարևան Եվրոպայի հետ։ Հենց Մակրոնը կարող է հանդես գալ այդ միջնորդի դերում՝ առաջ քաշելով հայերին հուզող խնդիրները. Հայաստանի համար ևս բացառիկ իրավիճակ է ստեղծվել ռուս-ֆրանսիական հարաբերությունների բարելավման ֆոնին»,-ասաց նա: