«Արարատյան բակալավրիատ» ծրագրով ավագ դպրոցներում կարևորվում են երեխայի հմտությունները. Արամ Փախչանյան
«Արարատյան բակալավրիատ» ծրագրով ավագ դպրոցները ներկայիս դպրոցներից կտարբերվեն նրանով, որ այստեղ կարևորվում են երեխայի հմտությունները: Երեխան կկարողանա իր կուտակված գիտելիքները տարատեսակ ձևերով կիրառել:
Այս մասին այսօր՝ «Արարատյան բակալավրիատ» դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
«Երեխան կկարողանա բազմաքայլ առաջադրանքներում չկորել: Նա չի փորձի անընդհատ ինչ-որ կարծրատիպեր հիշելով խնդիրներ լուծել, այլ կվստահի իր սեփական մտածողությանը և կունենա հմտություն՝ անընդհատ մտածելու և խնդիրներին լուծումներ տալու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) «Արարատյան բակալավրիատ» դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը: «Արարատյան բակալավրիատին» դպրոցների միանալու գործընթացը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին, երբ ծրագրի թիմը երեք ամսում հանդիպեց ՀՀ մարզերի և Արցախի շուրջ 450 դպրոցի հետ՝ ներկայացնելու ծրագիրն ու դրան միանալու պայմանները: Արդյունքում 20 դպրոց մարզերից և 1 դպրոց Ստեփանակերտից ընտրվեցին որպես ԱԲ ծրագրով առաջին թեկնածու դպրոցներ: Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերում և Արցախում:
«Այս պահին ծրագիրը մարզերի համար է, քանի որ մենք համարում ենք, որ երևանցիների համար կա լավ կրթության ընտրություն, իսկ մարզերում այդ կարիքը շատ ավելի բարձր է»,- նշեց Փախչանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ դպրոցների դիմումների և դպրոցների ընտրության փուլը այս տարվա համար արդեն ավարտված է: Ըստ նրա՝ ծրագրի ներկայացման ժամանակ դպրոցներում ոգևորություն էր տիրում։
«Ես տեսել եմ անգամ հուզված դեմքեր,- նշեց Փախչանյանը, -այս տարի դիմեցին ամենա ռիսկ սիրող, ոգևորված դպրոցները, բայց կարծում եմ՝ նրանց հաջողությունները տեսնելով՝ մյուս տարի էլ ավելի շատ դպրոցներ կոգեշնչվեն և կուզենան դիմել: Դիմել է մոտ 60 դպրոց, բայց այս տարի որպես թեկնածուներ կմասնակցեն 21-ը: Ընտրվել են այն դպրոցները, որոնք ծրագրի չափանիշներին ամենահամապատասխանն են»:
Հաջորդ տարի նորից բացվելու է դպրոցների ընտրության հնարավորություն, որպեսզի ավելի շատերը կարողանան դիմել «Արարատյան բակալավրիատ» ծրագրին: