Կարծում եմ շատ հետաքրքիր նիստեր ենք անցկացնելու. Տարոն Մարգարյանը` Զարուհի Փոստանջանի` իր կյանքը դժոխքի վերածելու հայտարարության մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժպիտով է արձագանքում հարցին, թե ինչպես է պատրաստվում նիստեր անցկացնել «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամ Զարուհի Փոստանջանի հետ, ով խոստացել էր կյանքը դժոխքի վերածել: «Ես կարծում եմ շատ հետաքրքիր նիստեր ենք անցկացնելու, ներկա կլինեք, կտեսնեք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը ուրախ է, որ ավագանու անդամ կշարունակի լինել արդեն «Ելք» խմբակցությունից Անահիտ Բախշյանը: «Հարցերի հետ կապված ունենք ավագանու նիստերի կանոնակարգ, կպահպանենք դա, բայց ավագանու նիստերը ազատ հարթակ է, կարող են հարցեր տալ, մեկ-մեկ թույլ ենք տալի ավել հարցեր տալ, որ ավագանու անդամների համար պարզ լինի ինչ հարցեր են քննարկվում»,-ասաց նա:
Տեսակետը, թե ընդդիմադիրները դժգոհ են Երևանի ավագանու անցկացված ընտրություններից, Տարոն Մարգարյանը չի կիսում. «Ելք» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել, իսկ Գլխավոր դատախազությունը, իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ կզբաղվեն,ինչ վերաբերում է դատարանին, ապա կսպասենք դատարանի վճիռներին, բայց համարում ենք, որ ընտրությունները նորմալ են անցել»,-ասաց նա:
Հարցին, թե ըստ Մարգարյանի ինչով էր պայմանավորված այդքան մեծ վստահությունը ՀՀԿ-ի նկատմամբ, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Առաջին հերթին այսքան տարիների կատարած աշխատանքը, երկրորդը` նախընտրական հստակ ծրագրերը, երրորդը` երևանցին ակնկալիք ունի այն թիմից, որն աշխատել է, գիտի իր խնդիրները, դարդուցավը և այդ թիմին է վստահել»:
Իսկ թե վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն կլինե՞ն, Երևանի վերընտրված քաղաքապետը պատասխանեց, որ կքննարկեն ավագանու ցուցակը, ԿԸՀ-ն կընդունի ինքնաբացարկները, որից հետո պարզ կլինի:
«Վարչական շրջանի ղեկավար և ավագանի մարդիկ համատեղ չեն կարող լինել և շատ վարչական շրջանի ղեկավարներ նախընտրում են շարունակել աշխատանքը, կլինեն ինքնաբացարկներ, հաջորդը կգա, երկու օրվա ընթացում մոտավոր ցուցակը պարզ կլինի»,-ասաց նա և նշեց, թե իր տեղակալների աշխատանքից էլ գոհ է: