Հակակոռուպցիոն մարմնում ընդդիմության ներկայացուցիչ ունենալը դեռևս չի երաշխավորում արդյունավետություն ու անկախություն. Գ. Կոստանյան
Մենք կարող ենք ստեղծել այդպիսի 10 մարմին, բայց դա չի նշանակում, որ այդ մարմնի ստեղծման հանգամանքը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսպիսի կարծիք է հայտնել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն մարմին ստեղծելու կառավարության որոշման մասին:
«Մենք պետք է տեսնենք, թե արդյոք այդ մարմնի գործունեության սկզբունքները, այդ մարմնի ստեղծման և ձևավորման հանգամանքները տալի՞ս են արդյունավետ գործելու այդ հնարավորությունը: Այո, այստեղ խոսում ենք քաղաքական կամքի մասին: Այս մարմնի ստեղծումն ինքնին նշանակում է, որ երկրում քաղաքական կամքն այնպիսին է, որ առաջ ենք գնում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ճշտության և հստակության տեսակետից»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով՝ եթե միջազգային փորձը կիրառվի Հայաստանում, ապա, ֆորմալ տեսակետից, դա դեռևս չի նշանակում արդյունավետություն, որ այդ մարմնին տրված ինստիտուցիոնալ երաշխիքներն այն չափ կլինեն, որ իրոք արդյունավետ կարողանանք գործել կոռուպցիայի դեմ, ավելին՝ այդ մարմնի ստեղծումը կարող է զսպիչ դեր ունենալ:
Tert.am-ի այն հարցին, թե վարչապետների գլխավորությամբ տարիներ շարունակ գործող խորհուրդն ինչ արդյունքներ ունի, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Արդյունքները ես կդժվարանամ գնահատել: Բայց այդ բոլոր խորհուրդները խորհրդատվական բնույթ ունեն ընդամենը: Այսինքն՝ գործուն որևէ լծակ չունեցող սուբյեկտներ են, մարմինն ինքնին խորհրդակցական բնույթի է»:
Իսկ այս մարմինը, որ ստեղծվում է, ըստ ԱԺ պատգամավորի, հսկողական, վերահսկողական և որոշակի գործադիր ֆունկցիաներ ունեցող սուբյեկտ է լինելու, որի գործունեությունն անարդյունավետությունն անհնար է:
«Երբ այդ լիազորությունները տալիս ես ինչ-որ սուբյեկտի, դրանց կատարումը դառնում է չափելի: Խորհրդակցական մարմնի գործունեությունը չափելի չէ: Եթե խոսքը վերաբերում է այնպիսի մարմնի, որն ունի և պետք է ունենա չափելի գործողությունների հաջորդականություն, այդ չափելիությունն այդ մարմնի համար պարտավորություն է ստեղծում, որովհետև ինքն իր գործունեության մասին ամեն անգամ և հաշվետվություն պետք է ներկայացնի, և էլ չեմ խոսում, որ այդ գործունեությունն այնքան հրապարակային է լինելու, որ մենք բոլորս կարողանանք գնահատել արդյունավետությունը»,-պարզաբանեց Գևորգ Կոստանյանը:
Նրա կարծիքով՝ որպես կանոն, այդ մարմինների ձևավորումն ու այդ մարմինների անկախությունն առաջին հերթին ինստիտուցիոնալ տեսակետից է հիմնավորվում, հետո արդեն ըստ բովանդակության:
«Մենք քաղաքական տեսակետից կարող ենք ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ այդ մարմնում, բայց այդ մարմինը չգործի արդյունավետ: Պետք է լինի այնպիսի մարմին, որ բոլոր անդամներն այն չափանիշներին համապատասխանեն, այն ձևով ընտրվեն, որպեսզի այդ մարմնի գործունեությունն արդյունավետ լինի: Մեխանիկորեն այդ անդամներից 5-ից 4-ն էլ ընդդիմության ներկայացուցիչ լինեն՝ դա դեռևս չի երաշխավորում այդ մարմնի և՛ անկախությունը, և՛ աշխատանքի արդյունավետությունը: Այսինքն՝ ինքնանպատակ չէ, որ ընդդիմության ներկայացուցիչ լինի»,-մեկնաբանեց նախկին գլխավոր դատախազը և ավելացրեց, որ եթե խնդիրը այն է, որ մարմնում անպայման պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի, որպեսզի մարդիկ այդ մարմնի մասին խոսեն որպես անկախ հասարակական ընկալման մասին, ինքը համաձայն չէ:
«Այդ մարմնի անկախություն ու հասարակական ընկալումը մենք ունենալու ենք նրա գործունեության արդյունքում»,-եզրափակեց Գևորգ Կոստանյանը: