Դատաիրավական համակարգում 20-ամյա փորձ ունեցող աշխատակիցները կկարողանան միաժամանակ աշխատել և թոշակ ստանալ. ԱԺ-ն ընդունեց նախագծերի փաթեթը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց դատաիրավական համակարգում 20-ամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների մասին նախագիծը՝ թույլատրելով նրանց շարունակել աշխատել համակարգում և միաժամանակ ստանալ բարձր թոշակ:
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ընդունվեց 55 կողմ և 25 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ խոսքը Քննչական կոմիտեի ծառայողներին, դատախազների ու դատավորների մասին է, որոնց հնարավորություն է տրված անցնելու երկարամյա կենսաթոշակի, եթե նրանք ունեին 20 ամյա աշխատանքային ստաժ:
Հովհաննիսյանն ասաց, որ օրենքում 2014թ.-ին փոփոխություն կատարվեց, սահմանվեց հետևյալը՝ անձինք, ովքեր ունեն 20-ամյա աշխատանքային ստաժ կարող են անցնել երկարամյա կենսաթոշակի մինչև 2017թ. հուլիսի 1-ը:
«Այսօր մի վիճակի առաջ ենք կանգնած, որ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված քննիչներ, դատախազներ, ովքեր ունեն 20-ամյա ստաժ, պետք է դիմում գրեն աշխատանքից ազատվելու մասին, որ չկորցնեն երկարամյա թոշակին անցնելու հնարավորությունը: Իսկ այն երկու անգամ բարձր է սովորական թոշակից, մոտ է իրենց աշխատավարձին: Այդ մարդիկ ուզում են շարունակել աշխատել, բայց ստիպված դիմում են գրելու, որ չկորցնեն երկարամյա թոշակին անցնելու իրավունքը: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այդ մարդկանց հնարավորություն տրվի շարունակել աշխատել՝ չկորցնելով երկարամյա թոշակ ստանալու հնարավորությունը: Առաջարկում ենք, որ ցանկացած պահի աշխատանքից ազատվելիս նրանք ստանան երակարմա թոշակը»,- ասել էր արդարադատության փոխնախարարը: