Կարևորը չքանդեն, քանդելով պատմություն չեն կերտում. Սամվել Կարապետյանը` վրաց-թուրքական մշակութային համագործակցության մասին
Հուշարձանները պետք է վերականգնվեն, քանդելով պատմություն չեն կերտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` անդրադառնալով Թուրքիայի և Վրաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի մշակութային արժեք ներկայացնող կոթողների վերականգնման և պահպանման հարցերով, որոնք գտնվում են երկու երկրների տարածքում։
«Սկզբունքորեն դրական վերաբերմունք ունեմ, որովհետև այդ երկրների համագործակցության արդյունքում հուշարձաններ պետք է վերականգնվեն և պահպանվեն: Պարզապես Վրաստանի և Թուրքիայի կողմից մշակութային ժառանգության փոփոխության միտումներ կան»,- ասաց Կարապետյանը:
Հարցին, թե հայկական կողմն ի՞նչ անելիքներ ունի, Սամվել Կարապետյանն ասաց, որ այդ դաշտում պետք է լավ աշխատել, գիտականորեն ու ապացուցված ներկայացնել հուշարձանների, պատմական արժեքների ծագումնաբանությունը:
«Վրացիները բավական շատ են աշխատում այդ ուղղությամբ, իսկ թուրքերը չկան այդ դաշտում, նրանց նույնիսկ հաճելի է վրացական անվան ներքո մշակութային արժեքներ օգտագործել: Մանավանդ, որ հիմա ավելի սերտ համագործակցություն ունեն անգամ մշակութային ոլորտում: Բայց մենք պետք է անուղղակի միջամտենք այդ համագործակցությանը, իրազեկենք և մանրամասն տեղեկություններ ներկայացնենք այդ հուշարձանների վերաբերյալ»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Հարցին, թե խնդիր չի՞ առաջանա, որ հայկական ժառանգությունն էլ վերանորոգվի, օտարվի, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ հենց Վրաստանում է օտարվում հայկականը.
«Մտահոգվում ենք, որ մշակութային ժառանգությունը իբր հերիք չէ, որ օտարվում է Վրաստանում, մի հատ էլ Արևմտյան Հայաստանում, բայց այնտեղ թուրքերը վերացնում, ոչնչացնում են: Ադրբեջանցիները հայկական արժեքները աղվանական էին հայտարարում ու չէին քանդում: Թեկուզ չպիտակավորեն, թեկուզ... միևնույնն է, չեն կարող թաքցնել ճշմարտությունը, կարևորը չքանդեն: Պատմություն է, քանդելով պատմություն չի սրբագրվում»: