Հայաստանին ձեռնտու է Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի վերընտրվելը. Արմեն Վարդանյան
Հայաստանին ձեռնտու է գործող նախագահ Հասան Ռոուհանիի վերընտրվելը, քանի որ մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի և Արևմուտքի հետ քիչ հակասություններ ունեցող Իրան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով մայիսի 19-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ պահպանողական Էբրահիմ Ռայիսիի՝ նախագահ դառնալու դեպքում Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրացում կլինի, ինչն էլ իր հերթին տարածաշրջանում նոր լարվածություն կստեղծի. «Սա հաստատապես Հայաստանի շահերից չի բխում»,- նշեց իրանագետը:
- Պարո՛ն Վարդանյան, մայիսի 19-ին կայանալիք Իրանի նախագահական ընտրություններին սկզբում գրանցվել էր 6 թեկնածու, բայց այժմ 4 թեկնածու է մնացել, ինչո՞ւ: Ովքե՞ր են այդ թեկնածուները և ինչպիսի՞ն են նրանց շանսերը:
-Սկզբնական շրջանում Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը շուրջ 1400 առաջադրված թեկնածուներից հաստատեց միայն 6-ի թեկնածությունը: Այդ թեկնածուներն էին գործող նախագահ Հասան Ռոուհանին, փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, բարեփոխական, անկախ թեկնածու Մոսթաֆա Հաշեմիթաբան, Իրանի Մեշհեդ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանային համալիրի ղեկավար Էբրահիմ Ռայիսին, նախկին Մշակույթի նախարար և Իսլամական կոալիցիոն կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ Մոսթաֆա Միրսալիմը և Թեհրանի քաղաքապետ Մոհամմեդ Ղալիբաֆը: Օրերս ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին Մոհամմեդ Ղալիբաֆն ու Էսհաղ Ջահանգիրին: Ղալիբաֆը հայտարարեց, որ իր թեկնածությունը հանում է Էբրահիմ Ռայիսիի օգտին, իսկ փոխնախագահ Ջահանգիրին իր կողմնակիցներին կոչ արեց իրենց ձայնը տալ գործող նախագահին: Նախագահի մյուս թեկնածուները` Մոսթաֆա Հեշեմիթաբան և Մոսթաֆա Միրսալեմը, թեև չեն հանել իրենց թեկնածությունները, սակայն իրենց աջակցությունն են հայտնել, համապատասխանաբար, Հասան Ռոուհանիին և Էբրահիմ Ռաիսիին, ուստի փաստացիորեն պայքարը կծավալվի վերոնշյալ երկու թեկնածուների միջև:
Հաղթողի հիմնական հավակնորդը գործող նախագահ Հասան Ռոուհանին է, որն Իրանի բարեփոխական թևի թեկնածուն է: Պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսին վայելում է Իրանի հոգևոր դասի մեծ մասի աջակցությունը: Ըստ սոցիոլոգիական վերջին հարցումների տվյալների`Ռոուհանիի շանսերը փոքր-ինչ ավելի են Էբրահիմ Ռայիսիից:
-Աշխարհաքաղաքական առումով ինչ նշանակություն ունեն Իրանի նախագահական ընտրությունները: Իրան-Արևմուտք հարաբերություններում ի՞նչ կարելի է սպասել:
-Ըստ էության, այս ընտրություններին կորոշվի, թե առաջիկա 4 տարիներին ինչպիսի վեկտոր է ունենալու Իրանի արտաքին քաղաքականությունը: Նախագահ Ռոուհանին հայտնի է Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու իր քաղաքական կուրսով, հենց նրա կառավարման օրոք Վիեննայում ստորագրվեց դարի համաձայնագիր անունը ստացած Միջուկային Պայմանագիրը: Իսկ ահա պահպանողականները Ռոուհանիին քննադատում են Արևմուտքի հետ հարաբերություններում մեծ զիջումների գնալու համար: Նրանք Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ գծի կողմնակիցներ են (hardliner) և կարծում են, որ Իրանը պետք է ավելի կոշտ դիրքերից հանդես գա: Շատ հավանական է, որ Ռայիսիի նախագահ ընտրվելու դեպքում Արևմուտքի հետ հարաբերությունները ավելի կսրվեն:
-Հայաստանին ո՞ր թեկնածուի հաղթանակն է ձեռնտու:
-Հիմնական թեկնածուները իրենց քարոզարշավի ընթացքում Հայաստանին հատուկ անդրադարձ չեն կատարել, սակայն, կարծում եմ, Հայաստանին ձեռնտու է գործող նախագահի վերընտրվելը, քանի որ մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի և Արևմուտքի հետ քիչ հակասություններ ունեցող Իրան: Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրացումը տարածաշրջանում նոր լարվածություն կստեղծի, որը հաստատապես չի բխում մեր երկրի շահերից: Ռայիսիի` նախագահ ընտրվելու դեպքում հնարավոր է ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի նկատմամբ, և ամենայն հավանականությամբ, կվերադառնանք նախապատժամիջոցային ժամանակաշրջանին:
-Ի՞նչ եք կարծում՝ իրանահայ համայնքը հստակ դիրքորոշում կհայտնի՞ այս ընտրություններին, նրանք ո՞ւմ կտան իրենց ձայնը:
-Իրանի հայկական համայնքը ավանդաբար չեզոքություն է պահպանում նման հարցերում: Համայնքային պաշտոնական կառույցները` եկեղեցին, առաջնորդարանը, Մեջլիսի հայ պատգամավորները, մամուլը որևէ մեկին իրենց աջակցությունը չեն հայտնել, բայց, կարծում եմ, իրանահայերը հիմնականում կքվեարկեն Ռոուհանիի օգտին: Իրանահայերի համար շատ կարևոր է խաղաղությունը, կայունությունը և նրանք հեռու են արմատական գաղափարներից: Այս տեսանկյունից նրանց համար ավելի նախընտրելի է Ռոուհանին: