Աթեշյանի՝ Պոլսո Հայոց աթոռը Մայր աթոռից անկախ հռչակելու դեպքում այն կդառնա ինչ-որ հիմնարկ, այլ ոչ եկեղեցի. աստվածաբան
Եթե Արամ Աթեշյանը հայտարարի, որ Պոլսո Հայոց աթոռը անկախ է Մայր Աթոռից, ինքը կշարունակի գոյատևել որպես հիմնարկ, ոչ որպես եկեղեցի:
Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի՝ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դասախոս Արծրունի Սահակյանը:
«Կանոնական հիմքեր չկան, որովհետև, ի վերջո, եկեղեցու ներքին բովանդակությունը կազմողը ժողովուրդն է, համայնքը, և եթե նա, ինքնահռչակ նման բան հայտարարի, կմնա իր պատերի ներսում ու կմնա իր ծառայողների նեղ շրջանակում: Այսինքն՝ ինքը կարող է մնալ որպես հաստատություն, ինքն իրեն հռչակած մի հիմնարկ կշարունակի գոյատևել, բայց դա իր էությամբ էլ չի լինի եկեղեցի»,-ասաց աստվածաբանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը նման հնարավորություն ու վարկած էր առաջ քաշել՝ նշելով, որ այս հարցում Աթեշյանն ունի Թուրքիայի աջակցությունը, քանի որ Թուրքիան ցանկանում է Պոլսո Հայոց կաթողիկոսարանում ունենալ անձ, որն իր կողմից ղեկավարելի է:
Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանը Հայաստանում որոշ շրջանակների կողմից, նաև Թուրքիայի ներսում «պերսոնա նոն գրատա» էր հայտարարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած աղմկահարույց նամակի պատճառով: Անգամ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության որոշ մտավորականներ նրան ցուցադրաբար «պարոն Աթեշյան» էին անվանում: Իսկ նամակը Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին գրել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ: Նամակում Աթեշյանը նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:
Աստվածաբանը կարծում է , որ իրականում նման բան չկա, իրականում Աթեշյանն ինքն է այդպես մատուցում:
Հիշեցնենք, որ քանի որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները:
Երկար պայքարից հետո, ի վերջո, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնի ընտրություններ անցկացվեցին և դրանց արդյունքում մարտի 15-ին Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը՝ ձայների 23/11 հարաբերակցությամբ ընտրվեց, սակայն Արամ Աթեշյանը հրաժարվում է պաշտոնը թողնել: Եվ ինչպես ինչպես տեղակացրել էր «Ակօսը»՝ Բեկչյանը համոզված է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակն այլ ելք չունի, քան Աթեշյանի ինքնակամ հրաժարականը: