Փորձաքննությունը պարզել է «Խոստումը» երգի հեղինակ Քրիս Քորնելի մահվան պատճառը
Ամերիկացի երաժիշտ, Soundgarden խմբի վոկալիստ և կիթառահար Քրիս Քորնելը ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին եզրակացություն է հայտնել Միչիգանի դատաբժշկական փորձագիտական գրասենյակը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երգչի մահվան պատճառն ինքնասպանությունն է, սակայն նշվում է, որ դիահերձման ամբողջական եզրակացությունը դեռևս պատրաստ չէ:
Հիշեցնենք, որ 52-ամյա կատարողի մահվան մասին հայտնի էր դարձել այսօր առավոտյան: Դետրոյթի MGM Grand hotel հյուրանոցի լեգասենյակում երգչին անգիտակից է գտել ընտանիքի ընկերներից մեկը:
Քորնելը Soundgarden խմբի հետ միասին օրեր առաջ ելույթ է ունեցել Դետրոյթում` անցյալ ամիս մեկնարկած ամերիկյան համերգային շրջագայության շրջանակներում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա կինը` Վիկին, և ընտանիքի մյուս անդամները ցնցված են երգչի հանկարծական մահով:
Հիշեցնենք, որ «Գրեմմիի» մրցանակակիր ռոք երաժիշտը մարտին ներկայացրել էր «Խոստումը» ֆիլմում հնչող համանուն երգը: