United Airlines-ի ուղևորուհին Փարիզի փոխարեն սխալմամբ ուղարկվել է Սան Ֆրանցիսկո
Ամերիկյան United Airlines ավիաընկերությունն իր ուղևորուհիներից մեկին Փարիզի փոխարեն սխալմամբ ուղարկել է Սան Ֆրանցիսկո: Արդյունքում՝ Լյուսի Բախետուկիլե անունով կինը սխալ ուղղությամբ թռել է մոտ 5 հազար կիլոմետր տարածություն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կինը մտադրված է եղել ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքից ուղևորվել Փարիզ, սակայն չվերթից քիչ առաջ ելքի համարը փոխվել է, և Լյուսին մտել է դեպի Սան Ֆրանցիսկո ուղևորվող ինքնաթիռ:
Նշվում է, որ փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունն արվել է անգլերենով, որին Լյուսին չի տիրապետում. նրա մայրենի լեզուն ֆրանսերենն է: Ընդ որում, կինն ավիաընկերությունից չի ստացել էլեկտրոնային ծանուցում:
Արդեն ինքնաթիռի սրահում Լյուսին հայտնաբերել է, որ իր նստատեղը զբաղված է: Նա նստեցման կտրոնը ներկայացրել է բորտուղեկցորդուհուն, որն ուշադրություն չի դարձրել չվերթի վերաբերյալ տվյալներին և առաջարկել այլ տեղ զբաղեցնել:
Արդյունքում կինը մոտ 5 հազար կիլոմետր է անցել սխալ ուղղությամբ: Փարիզ հասնելու համար նա ստիպված է եղել ճանապարհորդել 28 ժամ:
Կայքի հաղորդմամբ՝ United Airlines-ը փոխհատուցել է մինչև Փարիզ տոմսի արժողությունը: