ԵՄ դատարանը կքննի Google կորպորացիայի հետ գերմանական ԶԼՄ-ների վեճը
Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանը որոշում կկայացնի ամերիկյան Google կորպորացիայի և գերմանական հրատարակիչների միջև կոնֆլիկտի վերաբերյալ, որն առաջացել է կից իրավունքների մասին օրենքի շուրջ, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Բեռլինի դատարանը դիմել է եվրոպական դատարան՝ խնդրելով պարզել, թե արդյոք Գերմանիայի իշխանությունները պետք է այդ օրենքն ընդունելուց առաջ տեղեկացնեին այդ մասին Բրյուսելին: Եթե Եվրոպական դատարանը եզրակացնի, որ նման ծանուցումն անհրաժեշտ է եղել, ապա օրենքը հնարավոր չի լինի կիրառել:
Խոսքը Google-ի դեմ հայցի մասին է, որով դիմել է VG Media հեղինակային և կից իրավունքների կառավարման միությունը, որը ներկայացնում է 150 գերմանական և միջազգային հեռուստաալիք և ռադիոկայան, ինչպես նաև 200 ինտերնետային պարբերական:
Կից իրավունքների մասին գերմանական օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ը իրավունք ունեն վճարում պահանջել իրենց բովանդակության կոմերցիոն օգտագործման համար, մասնավորապես որոնողական մեքենաների կողմից: Բացառություն են համարվում առանձին բառերը և հոդվածներից կարճ քաղվածքները, որոնք Google-ը և նրա մրցակիցները կարող են անվճար օգտագործել: Google-ը հրաժարվում է վճարել ԶԼՄ-ներից հոդվածների օգտագործման համար:
Կից իրավունքների մասին օրենքը ընդունվել է 2013 թվականի օգոստոսին: Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել ծանուցումով չդիմել Եվրահանձնաժողովին: