Կուզեի մի թոռ ունենալ՝ Արմենիս նման խելոք, համեստ, կրթված. Բերդաձորի Արմենի մայր (տեսանյութ)
Հայրենիքի անկախության և ազատության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի (Բերդաձորի Արմեն) մայրը՝ տիկին Լաուրան արդեն 23 տարի է շաբաթը երկու անգամ այցելում է որդու գերեզմանին:
«Կուզեի մի թոռ ունենայի, Արմենիս նման խելոք, համեստ, կրթված»,- պատմում է տիկին Լաուրան, ապա երկար դադարից հետո շարունակում. «Որ ասում էի ամուսնացի, ասում էր՝ այ մամ, ամուսնանամ, մի որբ էլ ես թողնե՞մ երկրի վրա: Ասում էր՝ երբ կավարտվի պատերազմը կամուսնանամ, բայց Երևանում չեմ ապրելու, Բերդաձորում եմ ապրելու: Այնտեղ ինչ-որ բլուրի վրա արդեն տուն էր սկսել կառուցել, դե հիմա...»:
Արմեն Հովհաննիսյանը ավարտել էր պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատում էր «Հայէլեկտրագործարանում», երբ սկսվեց Արցախյան շարժումը:
Բերդաձորի Արմենը «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի, Շենգավիթի առաջին վաշտի կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Լաչինի շրջանների, Բերդաձորի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1994թ. ապրիլին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում վաշտն ընկնում է շրջափակման մեջ: Արմենը և իր 13 զինակիցները կրակը վերցնում են իրենց վրա՝ ապահովելով վաշտի մնացած ազատամարտիկների անվտանգ նահանջը: Զինամթերքը սպառվում է, տղաները նետվում են ձեռնամարտի և զոհվում:
«40 օր հետո ցինկերը բերեցին, դրեցին առաջներս, չգիտեինք իրենք են, իրենք չեն, բայց... այդտեղից մարդ չէր փրկվի: Թող խաղաղություն լինի աշխարհում, ոչ մի մայր մեր պես չսգա»,- ասաց տիկին Լաուրան:
Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նրա անունով է կոչվել Երևանի թիվ 194 դպրոցը:
Մանրամասները՝ տեսանյութում: