Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահը ներկա է գտնվել Աթենքում Հայկական հարցին նվիրված նախաձեռնությանը
Աթենքում Հայկական հարցին նվիրված միջոցառումներն ամենամյա բնույթ են կրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանն ասել է, որ Հունահայոց թեմի հովանավորությամբ կազմակերպած հերթական միջոցառումն անցկացվեց Նիկիայի քաղաքապետարանի սրահում, որին մասնակցելու էին եկել հույն քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ: Օրվա բանախոսը պարտադիր լինում է հույն: Նպատակն այն է, որ հանրության առջև հնչեցվի հույն քաղաքական գործիչների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: «Մեզ սպանեցին, մեզ ջարդեցին, որովհետև մենք հայ ենք և քրիստոնյա, բայց, անշուշտ, Աստծո օրհնությունը մշտապես մեր ժողովրդի վրա է, և մենք ապրել ենք և շարունակելու ենք ապրել»,- ասել է Տ. Խորեն աբեղա Առաքելյանը: Հայ առաքելական եկեղեցու Հունահայոց թեմի հոգևոր այրերը ձեռնարկը փակել են աղոթքով` հայցելով Տիրոջ առաջնորդությունը հայ ժողովրդի բոլոր արդարացի պահանջներն իրականություն դարձնելու համար: Անդրադառնալով Հունաստանի հայ համայնքի խնդիրներին՝ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը նշեց, որ Հունաստանում մոտ 50 հազար հայ է բնակվում, որոնց 70 տոկոսը վերջին 25 տարում Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներն են:
«Համայնքի ներսում հիմնական խնդիրներից է կուսակցական տարանջատումը, որը բերում է որոշակի լարվածության, երիտասարդ սերնդի մոտ նաև հիասթափության: Մեր հայրենակիցները Հունաստանում շարունակում են մնալ հայկական եկեղեցու կողքին»,-հավելել է նա: Տ. Խորեն աբեղա Առաքելյանն ուրախությամբ փաստեց, որ երիտասարդների մեծ հոսք կա դեպի եկեղեցի: Հունաստանում և հատկապես Աթենքում լեզվի և հայապահպանության գործում նշանակալի դեր ունեն 4 ամենօրյա հայկական դպրոցները: «Այդ դպրոցներում սովորում է մոտ 400 երեխա, ինչը բավական փոքր թիվ է Աթենքում բնակվող 12 հազարանոց հայ համայնքի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հայերենով չհաղորդակցվելու մեծ վտանգ կա. «Նախորդ սերունդը խոսում էր հայերեն, բայց, ահա՛, նրանց երեխաներն այլևս հայախոս չեն»: