Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամ Նուրսել Այդողանին զրկել են պատգամավորական մանդատից
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության անդամ Նուրսել Այդողանին երեքշաբթի զրկել են խորհրդարանի պատգամավորի կարգավիճակից:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալութունը, այս որոշումը պայմանավորված է Այդողանին ներկայացված` ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով: Դիարբեքիրը ներկայացնող պատգամավորին մանդատից զրկելու մասին որոշումն ընթերցվել է խորհրդարանում, երբ դատարանը նրա նկատմամբ վերջնական մեղադրանք է ներկայացրել:
Ժողովրդադեմոկրատական կուսակցության փոխնախագահը նշել է, որ «այս խորհրդարանը պատմության գիրկն է անցնելու` որպես ժողովրդի կամքը չհարգող խորհրդարան»:
Այդողանը չի մեկնաբանել այս հայտարարությունը:
Հիշեցնենք, որ կուսակցության 11 անդամ, այդ թվում և Այդողանն ու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել են անցյալ տարվա նոյեմբերին: