Պերմյակովը դեռևս գտնվում է ռուսական ռազմաբազայում, պատժի կրման վայրը հայտնի կլինի վճռաբեկ բողոքների քննությունից հետո
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուսական թիվ 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովը դեռևս գտնվում է ռուսական ռազմաբազայում, պատժի կրման վայրը հստակեցված չէ` պայմանավորված վճռաբեկ բողոքներով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը. «Վճռաբեկ բողոք է ներկայացվել, ինչի քննությունից հետո միայն կորոշվի, թե որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը: Նա ռուսական ռազմաբազայում է»:
Վճռաբեկ բողոքի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Վնասի հատուցման պահանջով քաղհայցը վարույթ չընդունելու մասով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան: Անգամ տեղեկություն չունենք` վարույթ ընդունվե՞լ է, թե ոչ»:
Ինչ վերաբերում է դատավճռի մասով վճռաբեկ բողոք ներկայացնելուն, Tert.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ առայժմ տեղեկություն չկա առ այն, թե Վճռաբեկը վարույթ ընդունե՞լ է, թե՞ մերժել է. «Այդ մասին տեղեկություն առայժմ չունենք, իսկ պահանջն այն է, որ ըստ էության չի կատարվել բազմակողմանի, լրիվ քննություն: Ավետիսյանների ընտանիքի սպանության բոլոր հանգամանքները չեն պարզված և հիմնավորել ենք, որ ամենայն հավանականությամբ, բացի Պերմյակովից, այդ քրեական գործում պետք է այլ մեղավորներ ներգրավված լինեն»:
Նշենք, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտած է համարվում միայն այն բողոքարկելու` օրենքով սահմանված ժամկետները սպառվելուց հետո կամ բերված բողոքների վերաբերյալ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Պերմյակովը 2016 թվականի օգոստոսի 23-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման, պատժի կրման վայրը պետք է որոշվի դատական բողոքների քննության ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում: