Վաղը Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահվան 40-րդ օրն է լրանում
Վաղը՝ ապրիլի 25-ին, լրանում է ժողվարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած Հաց բերող մականունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան քառասունքը։
Ինչպես Tert.am-ին հայտնեց «Հաց բերող»-ի հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի անդամ Սյուզան Սիմոնյանը, վաղը նախատեսվում է հավաք՝Շահումյանի գերեզմանատանը և հարակից «Սան Լազար» սգո սրահում:
Սյուզան Սիմոնյանը հավելեց, որ քառասունքի արարողության քաղաքական միջոցառումներ՝ ելույթներ, սգո հանրահավաք չեն նախատեսվում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա 2016թ. դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և 2017թ. փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:
Մարտի 13-ին Հաց բերողի խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց Արմենիա ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:
Սակայն մարտի 15-ին նա տեղափոխվել էր նույն գիշերը վիրահատության էր ենթարկվել «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղի վերակենդանացման բաժանմունքում էլ, ժամեր անց մահացել էր: