Սա այն հարցը չէ, որ պետք է անհատական մակարդակով անել. Հայկ Դեմոյանը`Ցեղասպանության հատուցման գործընթացի մասին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Tert.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Ցեղասպանության հատուցման գործընթացին, նշեց, որ առաջնահերթ դրան հասնելու համար անհրաժեշտ է Հայկական պետականության ամրապնդում և երկրորդ` սփյուռքյան կառույցների համախմբում` մեկ կոնկրետ օրակարգի շուրջ:
«Այսօր, ցավոք, ունենք խոցելի կողմեր և մեծ բացեր: Սփյուռքում տեսնում ենք տարբեր գործընթացներ, երբ հատուցման հետ կապված դատաքննություններ են բացվում, որը համահայկական օրակարգից դուրս է, այսինքն` ինչ-որ մարդիկ ցանկացել են առանձնանալ: Սա այն հարցը չէ, որ պետք է անհատական մակարդակով անել, այլ ինստիտուցիոնալ, համադրված աշխատանքով պետք է լինի ընդհանուր կոնսեսուս»,-ասաց նա:
Ըստ Դեմոյանի՝ պետությունը պետք է նախաձեռնող լինի և այդ նախաձեռնությունները պետք է ոչ թե ջղաձգումներով ընդունվեն որոշ կառույցների կողմից, այլ բոլորը պետք է հասկանան, որ դա համադրված աշխատանքի մասն է: «Հատուցման մասին խոսելիս պետք է սկսենք մեզանից, թե ով ենք մենք որպես պետականություն, ինչ կարգավիճակ և հեղինակություն ունենք միջազգային լսարանում և որն է Սփյուռքի դերակատարումը»,- ասաց Դեմոյանը:
Վերջինս անդրադարձավ նաև իր պաշտոնավարման տասը տարիներին և նշեց, որ ամենակարևոր ձեռքբերումը այն գիտակցումն է, որ դու կատարել ես քո առաքելությունը և հետադարձ հայացք նետելով` ոչ ամաչում, ոչ վատ ես զգում քո արածի համար: «Ես ինձ իսկապես կարող եմ համարել երջանիկ մարդ, որ կայացրեցի ճիշտ որոշում 10 տարի առաջ, կատարեցի իմ առաջ դրված խնդիրները և այսօր ունենք միջազգային հեղինակություն վայելող, մեծ վարկանիշ ունեցող գիտական թանգարանային կառույց»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Խոստում» ֆիլմին, ապա թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց, որ թեև գտնում է, որ անհրաժեշտ է ունենալ հոլիվուդյան մակարդակի ֆիլմ, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային և նույնիսկ կհավակնի Օսկարի, սակայն այն կարծիքին է, որ 100 միլիոն դոլար բյուջեն կարելի էր օգտագործել բազմաթիվ այլ ծրագրերում` հատկապես կրթական ծրագրերում` Սփյուռքում և Հայաստանում: «Ես չէի գտնում, որ 100 միլիոն դոլարը դա այն գինն է, որը պետք է վճարվի թեկուզ մեկ հոլիվուդյան ֆիլմի վրա»,-ասաց նա: