Իրանը պատրաստ է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Պակիստան
Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը ընդգծել է Թեհրանի և Իսլամաբադի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման կարևորությունը` հայտնելով, որ Իրանը պատրաստ է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Պակիստան:
Ինչպես փոխանցում է Press TV-ն, այս մասին իրանցի նախարարը հայտարարել է Պակիստանի Ազգային ժողովի խոսնակ Սարդար Այազ Սադիքի հետ Թեհրանում շաբաթ կայացած հանդիպմանը:
Զարիֆը շեշտել է, որ Իրանն ու Պակիստանը լավ հարաբերություններ ունեն ոչ միայն դիվանագիտական ասպարեզում, այլև խորհրդարանական, անվտանգության և տնտեսական հատվածներում: Նրա խոսքով` իրանական կողմը ցանկանում է խորացնել և ամրապնդել հետագա համագործակցությունը:
Բացի այդ, նշվում է, որ Պակիստանն իր մասնակցությունն ունի Իրանի հարավարևելյան Չաբահար նավահանգստի զարգացման նախագծում:
Հիշեցնենք, որ իրանական արդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան օրեր առաջ հայտարարել էր կենցաղային տեխնիկա արտադրող մի շարք եվրոպական հայտնի ապրանքանիշերի հետ Իրանում արտադրություն ծավալելու շուրջ բանակցություններ վարելու մասին: