Հայաստանի համար շատ կարևոր է, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ չկիրառվեն. իրանագետը՝ ամերիկա-իրանական հարաբերությունների սրման մասին
Կա հնարավորություն, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ անհատական պատժամիջոցներ կիրառվեն, բայց Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի միջազգային պատժամիջոցները չլինեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ամերիկա-իրանական հարաբերությունների սրմանը:
Ըստ նրա՝ Իրանի նկատմամբ անհատական պատժամիջոցները հնարավոր է կիրառվեն ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես, ԱՄՆ սենատ օրինագիծ է տարվել, որը նախատեսում է արգելել ԻԻՀ-ին բոինգ ինքնաթիռների վաճառքը: Բայց միջազգային և ԱՄՆ դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցների համար նախադրյալներ չկան:
«ԱՄՆ անհատական պատժամիջոցները որոշ չափով վատ են մեզ համար, բայց կարևոր է, որ միջազգային պատժամիջոցներ չլինեն: Իրանի մեկուսացումը տարածաշրջանում չի բխում Հայաստանի շահերից: Պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսությունը վնասներ է կրում, որը մեզ ձեռնտու չէ, էլ չասենք դրանց քաղաքական հետևանքների մասին: Որպես կանոն, պատժամիջոցների կիրառումից հետո իրավիճակը տարածաշրջանում լարվում է»,- նշեց իրանագետը:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախօրեին հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է ամբողջ կառավարության իրանական քաղաքականությունը, ինչպես նաև դիտարկվում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ․համաձայնագիրը խզելու հարցը:
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ առայժմ լուրջ վտանգ չկա, որ միջուկային համաձայնագիրը կվերանայվի: Ըստ նրա՝ դա ուղղակի միջոց է Իրանի վրա ճնշումներ գործադրելու համար, բայց լուրջ քայլեր առայժմ չեն երևում:
«Միջուկային համաձայնագրի վերանայում չի լինի, որովհետև այդ համաձայնագիրը ընդունվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Եվ այն վերանայելու համար պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրների համաձայնությունը լինի: Ռուսաստանը և Չինաստանը, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ են, հայտարարել են, որ իրենք դեմ են համաձայնագրի վերանայմանը, իսկ ԱՄՆ-ը միակողմանիորեն չի կարող վերանայել այդ համաձայնագիրը»,- ասաց նա: