Բանակը լրացուցիչ հնարավորություն է ստանում ինտեգրվելու մեր կյանքին և քաղաքացուն ինտեգրելու պետության պաշտպանությանը. Արթուր Աթանեսյան
«Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին ներկայացված ռազմակրթական ոլորտին առնչվող երկու նոր նախագծերի անհրաժեշտությունն արդեն իսկ հիմնավորված է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինակոչիկների և զինծառայողների իրավունքների հարցերով զբաղվող փորձագիտական խորհրդի անդամ, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:
Ըստ նրա՝ ծրագիրը հեռանկարային է, իսկ հանրային քննարկումը կարևոր՝ վերջնական գնահատական տալու և, միգուցե, շտկելու համար:
«Առաջին հայացքից՝ նախագծերը չափազանց դրական են, շատ վաղուց են հասունացել այն փաթեթները, որոնք առաջարկում են քաղաքացիական կրթությանը զուգահեռ ռազմական կրթություն ստանալ։ Առաջարկվում են մասնագետ ծառայող դառնալու համար շահավետ պայմաններ, նաև հատուկ միջնակարգ հայրենասիրական կրթություն՝ երեխաների համար»,-ասաց նա և նշեց, որ նույն դպրոցներում զինվորական պատրաստման առարկան պետք է արմատապես փոխել, որովհետև այն պետք է ծառայի առողջ ապրելակերպի քարոզմանը:
«Միայն բանակում ծառայելու մասին չէ խոսքը, քաղաքացին պետք է լինի առողջ, պատրաստված, իսկ հակառակը թշնամիներով շրջափակված մեր պես պետության համար մեծ ճոխություն կլինի»,- ասաց նա:
Նշենք, որ համաժողովին Պաշտպանության նախարարությունը երկու նոր ծրագիր է ներկայացրել՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ»:
Արթուր Աթանեսյանը տեղին չի համարում որոշ զինվորականների այն դիտարկումները, թե «Պատիվ ունեմ» ծրագրով փորձ է արվում ամբողջ ազգին ներգրավել բանակում՝ քաղաքացիական մասնագիտություն ունեցողներին ևս տալով սպայի կոչում:
«Իհարկե, սպայական անձնակազմի կարծիքը խիստ կարևոր է, բայց այս պահին դեռևս սպայական կազմի կարծիքն ուսումնասիրված չէ, այսինքն՝ ծրագրերը փորձաքննված չեն և ասել, որ դեմ են, կլինի սխալ ու միակողմանի: Բայց որ այսպես շարունակել չի կարելի, որովհետև սպառնալիքներն աճում են, իսկ մենք ունենք խնդիր ոչ թե բանակ հատվածի, այլ ազգ հատվածի հետ»,- ասաց նա:
Ըստ սոցիոլոգի՝ շատ դեպքերում հենց մեր ազգը պատրաստ չէ ակտիվորեն պաշտպանելու պետության ազգային շահերը: «Պատրաստ չէ, չնայած շատ սիրում է խոսել ազգային շահերի մասին, ինքնության մասին: Բանակը շատ ավելի պատրաստակամ է շատ խնդիրներ լուծելու ոչ միայն ռազմական ոլորտում, այլ առհասարակ, քան քաղաքացիական ոլորտի ներկայացուցիչները: Անգամ մեր ծնողները, որոնք երեխաների կարիքը ձևավորող աղբյուրն են, հաճախ խանգարում են երեխային մասնագիտական կողմնորոշման հարցում, մասնավորապես, զինվորական մասնագիտություն ընտրելու հարցում՝ ունենալով վախեր, իրենց անձնական պատմությունները, ասեկոսներից մնացած ինֆորմացիան։ Բնական է, ըստ իս, ազգ-բանակն իրավունք ունի և կարող է պրոֆեսիոնալների խումբ ձևավորել ու ազգային շահի պատկերացումներն առաջ տանել»,- ասաց նա:
Արթուր Աթանեսյանի խոսքով՝ այս ծրագրով բանակը լրացուցիչ մի քանի հնարավորություն է ստանում ոչ պարտադիր կերպով ինտեգրվելու մեր կյանքին և բնակչին ինտեգրելու պետության պաշտպանությանը: