Այս հաղթանակը կարող է ոչ թե հզորացնել, այլ կործանել Էրդողանին. Wall Street Journal
Հեղինակավոր Wall Street Journal պարբերականն անդրադարձել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Ինչպես նշում է պարբերականը՝ թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ տարավ ու ստացավ ավելի լայն լիազորություններ, սակայն սա այն հաղթանակը չէր, որին նա ձգտում էր իրականում:
Ըստ Wall Street Journal -ի՝ այսպիսի հաղթանակը կարող է ոչ թե հզորացնել, այլ կործանել Թուրքիայի նախագահին:
Պարբերականի հոդվածը ներկայացնում ենք ստորև՝ որոշ կրճատումներով:
«Սա այն հաղթանակը չէր, որին իրականում ձգտում էր Էրդողանը: Մինչ հանրաքվեն էլ նա սահմանադրությունը խախտելով օգտվում էր թույլատրվածից շատ ավելի լայն լիազորություններից: Այն ամենն ինչ նա ցանկանում էր, դա 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հզոր առաջորդի ստանձնած դերի ու ընդդիմությանը ոչնչացնելուն ուղղված քայլերը թղթի վրա օրենքով պաշտոնականացնելն էր:
Բայց չնայած բոլոր խոչընդոտներին ու ճնշումներին, նրա կուսակցության առաջարկած նախագիծը կարողացավ հաղթել միայն 2 տոկոսի տարբերությամբ:
Նա դուրս եկավ անձրևի տակ սպասող ժողովրդի առաջ և միանգամից հայտարարեց, որ հաղթանակն իրենցն է:
Սակայն այս թույլ տոկոսային հարաբերակցությամբ հաղթանակը կարող է ոչ թե հզորացնել Էրդողանին, այլ ընդհակառակը:
Թուրքիայի խոշոր քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Ադանայի, Անթալիայի, Մանիսայի ժողովրդի շրջանում կառավարման նախագահական համակարգին դեմ քվեարկողները մեծասմանություն էին և դա նույնպես Էրդողանի համար շատ տխուր իրողություն է:
Այս ամենը ցույց է տալիս, որ երկրում ոչինչ էլ չի գտել իր հանգուցալուծումը և Թուրքիան շարունակում է մնալ դեգրադացված ու պառակտված վիճակում»:
Նշենք, որ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել երկրի հիմնականում կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: