Վիճաբանություն է եղել գյուղում, կրակոցներ են հնչել, բայց որևէ հետևանք չի ունեցել. Արզական համայնքի ղեկավար
Կոտայքի մարզի Արզականի համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ապրիլի 17-ին գյուղում վիճաբանություն է եղել, կրակոցներ են հնչել, սակայն շեշտեց, որ հետևանք չի ունեցել:
«Գունավորած են ասում, առանձնապես բան չկա, տարբեր խոսակցություններ կան, ճանապարհ չտալու հետ կապված, որ մեքենան սխալ է կայանել, թեթև, սովորական բամբասանքի նման մի խոսակցություն , որին լուրջ չեմ վերաբերվել»,-ասաց նա:
Նորիկ Մովսիսյանը նշեց, որ իրեն ասել են, թե ինչ-որ մեկը՝ Չարենցավանից, թե Երևանից, գնդակ կրակող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել: «Բայց ոնց կարող է համայնքի բնակիչների վրա կրակոցներ արձակի, չեմ հասկանում, մի ամբողջ գյուղ ոտքի վրա է եղել»,-ասաց նա՝ հաստատելով, որ բնակիչները վնասել են իրենց վրա գազային ատրճանակ պահած բնակչին:
«Չգիտենք, որտեղից էր. մեկ ասում են Չարենցավանից է, մեկ ասեցին՝ դրսից է, Երևանից է, չգիտեմ, մենակ ասեցին իրար չենք հասկացել, խոսել ենք, վերջ, բարիշել են, թե ինչ»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ տեղյակ չէ, միջադեպից տուժողներ եղել են, թե ոչ:
Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ ВАЗ 21099 մակնիշի 43 ԼԼ 162 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի բնակիչ, 24-ամյա Վարդան Հովհաննիսյանը գնդակ կրակող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել Արզական համայնքի բնակիչների վրա, որոնք էլ հետո վնասել են տվյալ ավտոմեքենան։