Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից ու չի վերադարձել. ոստիկանություն
102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ ռազմաբազայի հանրակացարանից ու չի վերադարձել. տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին Շիրակի ոստիկանության մարզային վարչությունից:
Ըստ վարչության տեղեկատվության՝ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն այսօր է հաղորդում ներկայացրել ոստիկանություն, որ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը իր ազատ ժամին դուրս է եկել իր բնակության վայրից ու չի վերադարձել:
«Դուրս է եկել առևտուր անելու, բայց կոնկրետ չգիտեն, Երևան է գնացել առևտուր անելու, Կիրովական է գնացել, թե Գյումրի։ Համենայն դեպս՝ գնացել է առևտուր անելու, բայց մինչև հիմա չի վերադարձել»,-ասաց նա և նշեց, որ Գյումրու ոստիկանությունը և ռազմաբազայի հրամանատարությունը որոնողական աշխատանքներ են տանում:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ զինծառայողը եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի։ «Եթե քաղաքացիական է, ազատ օրը իրեն զենք ո՞վ է տալիս, մտահոգվելու կարիք չկա»,-ասացին ոստիկանության վարչությունից: