Լուիս Էնրիկե. Խնդրում ենք երկրպագուներին չլքել խաղադաշտը 80-րդ րոպեից
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի` Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին:
«Կարծում եմ, որ «Յուվենտուսը» գոլային հնարավորություններ կունենա, այդիսկ պատճառով մեր նպատակը 5 գոլ խփելն է: Եթե կարողանանք արագ գոլ խփել, ապա «Կամպ Նոու» մարզադաշտի մթնոլորտը կհանգեցնի երկրորդ գոլին, իսկ երրորդը` ինքնստինքյան կստացվի:
Ներկա պահին մենք ոչինչ չենք կորցնում: Միայն մեկ տարբերակ կա` հարձակվել, հարձակվել և կրկին հարձակվել:
Խնդրում ենք երկրպագուներին չհեռանալ խաղադաշտից 80-րդ րոպեից, քանի որ շատ կարևոր բան բաց կթողնեն: Կա ևս մեկ երեկո, որը կարող է մտնել պատմության մեջ»,- Էնրիկեի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել էին «ծեր սինյորայի» ֆուտբոլիստները` 3:0: