Բանկերը հասկացել են, որ սպառողական վարկեր տրամադրելով չի կարելի տնտեսություն զարգացնել. տնտեսագետ
Հայաստանում վարկավորումը հունվար ամսին կազմել է 2 տրիլիոն 404 միլիարդ դրամ, իսկ փետրվարին՝ 2 տրիլիոն 421 միլիարդ: Միայն 1 ամսում վարկավորումն աճել է 17 միլիոնով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:
Տնտեսագետն ասաց, որ 2016թ.-ի դեկտեմբերին ՀՀ վարկային պատմության մեջ գրանցվել է ամենամեծ թիվը՝ 2 տրիլիոն 436 միլիարդ, այսինքն` բանկերը նախորդ դեկտեմբերին ամենից շատն են վարկեր տրամադրել:
«Կարևոր է այն, որ մեր վարկային պորտֆելը արտարժութային տեսանկյունից բարձր է, ավելի շատ վարկեր են տրամադրվում հիմնականում դոլարով: Ընդհանուր վարկերի պորտֆելի մեջ արտարժույթով տրամադրված վարկերի տեսակարար կշիռն ամենից մեծն է, 60 տոկոսից ավելը դոլարով է տրված, խոսքը մոտ 1 տրիլիոն 530 միլիարդ դրամի մասին է, կամ 3 միլիարդ դոլարից ավելի: 5 միլիարդ դոլարից 3 միլիարդ դոլարը դոլարային վարկեր են»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը նշեց, որ ձեռնարկությունների վարկավորումը մեծ ծավալով չի աճում: 2017թ.-ի փետրվարին այն կազմել է 1 տրիլիոն 216 միլիարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն պակաս է եղել մոտ 5 միլիոնով:
Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ոլորտների վարկային պորտֆելների փոփոխությանը, ապա թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսային առումով ամենից շատ աճել են արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը (88 մլրդ դրամ կամ 24.1 տոկոս)։ Վ. Խաչատրյանն ասաց, որ հավանաբար բանկերը արդյունաբերական ոլորտի վարկավորումն առաջնային են դարձրել իրենց համար:
«Բանկերը երևի հասկացել են, որ սպառողական վարկեր տրամադրելով չի կարելի տնտեսություն զարգացնել: Իսկ արդյունաբերության ֆինանսավորմամբ՝ ավելացված արժեք ստեղծելու հնարավորություն ենք ունենում: Բացի այդ, գուցե արդյունաբերական ընկերությունները ակտիվացել են կամ հակառակը՝ ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք փորձում են լուծել վարկեր վերցնելով»,- նշեց Վ. Խաչատրյանը:
Ամենից շատ վարկավորվող ոլորտները արդյունաբերությունից հետո սպառողական և առևտրային վարկերն են, ինչը նշանակում է, որ ոլորտը «թեթևացման կարիք ունի»:
Ամփոփելով տվյալները՝ տնտեսագետը նշեց. «Մարդիկ եթե լավ ապրեն, վարկի կարիք չեն ունենա: Կվերցնեն, օրինակ, հիփոթեքային վարկ, որի պահանջարկը ԿԲ տվյալներով քիչ է: Մարդիկ նոր բնակարան, նոր մեքենա ձեռք չեն բերում, վարկը վերցնում են գոյատևման պրոբլեմներ լուծելու համար, ոչ թե զարգացման, առաջխաղացման համար: Լավ օրից չի, որ վարկ են վերցնում»: