Որոշեցի համակարգի ներսից պայքարել. բանակում մահացած զինվորի մայրը «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներից է
Բանակում խաղաղ պայմաններում 10 տարի առաջ մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ընդգրկվել է մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակում:
Tert.am-ի հետ զրույցում Գոհար Սարգսյանը նշեց, որ կուսակցության անդամ չէ, բայց ցուցակում ընդգրկվելու առաջարկը Զարուհի Փոստանջյանից ընդունել է: «Դեռ կուսակցության անդամ չեմ, բայց տեսնենք»,- ասաց նա:
Հարցին, թե 10 տարի տարբեր գերատեսչությունների առջև բողոքի ակցիաների մասնակցելուց հետո ինչո՞ւ որոշեց մասնակցել քաղաքական գործընթացներին, Գոհար Սարգսյանը պատասխանեց, թե որոշել է դրսի պայքարին զուգահեռ պայքարել նաև համակարգի ներսում:
Իսկ մինչ այդ նա նշեց, թե իրեն ոգեշնչել է Զարուհի Փոստանջյանն իր պայքարող ոգով:
«Ինձ առաջին հերթին ոգեշնչեց Զարուհու ոգին, իսկ բացի դրանից՝ ես արդեն 10 տարի է պայքարում եմ դրսում անարդարության դեմ, կոռուպցիայի դեմ, և իմ տղայի մահն այս պահի դրությամբ համարում եմ ևս քաղաքական է, որ չի բացահայտվում, և որ ընդհանրապես բանակի սպանությունները չեն բացահայտվում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու որոշեց հենց Զարուհի Փոստանջյանի հետ մասնակցել քաղաքական գործընթացներին, Գոհար Սարգսյանը պատասխանեց, որ այս տարիների ընթացքում անարդարությունների դեմ պայքարի ճանապարհին իրենց՝ մայրերի կողքին եղել է հենց Փոստանջյանը: «Թեկուզ խորհրդարան եթե կարողացել ենք մտնել, հենց Զարուհին է մեր կողքին կանգնել, գոնե այն 5 ծնողի, ովքեր դեռ հավատում են, պայքարում են, որ մեղավորը պետք է պատժվի: Ես ինքս որոշեցի ներսից հասկանալ, ինչ է կատարվում, ներսից փոխել, ինչո՞ւ պետք է արդարությունն այս աստիճանի մեռնի Հայաստանում»,-ասաց նա:
Մահացած զինվորի մայրը նշեց, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության գաղափարներն ու սկզբունքները ևս հոգեհարազատ են իրեն: «Ես ապրել եմ Ռուսաստանում, հայրենիքն էր, որ երեխայիս բերել էր Հայաստան, իմ տղայի ցանկությունն էր ծառայել հայրենիքին, ես էլ մտածեցի, ինչո՞ւ չէ, բայց ինչ եղավ…դրանից հետո ես չէի կարող վերադառնալ Ռուսաստան, հիմա պայքարում եմ մյուս երեխաների համար, որ ապրեն Հայաստանում»,- ասաց նա:
Հարցին՝ հետագայում կշարունակի՞ իր ակցիաները, զինվորի մայրը պատասխանեց. «Դուք ինձ բոլոր տեղերում էլ կտեսնեք, մինչև մեղավորը չպատժվի՝ ես չեմ հանձնվելու։ Համոզված եմ, որ Փոստանջյանը պետք է ընտրվի, որտեղ էլ լինեմ, պայքարելու եմ, որ մեղավորը պատժվի»: