Բարեբախտություն է, որ Հայաստանն ու Թուրքիան մինչ այժմ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել. «Ակոս»-ի խմբագիր
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի բացասական հետևանքներն անմիջականորեն իրենց ազդեցությունը չեն ունենա ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի վրա. «Մեդիա կենտրոնում» ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին խոսելիս նշեց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Այն կազդի մեզ վրա այնպես, ինչպես Թուրքիայում ապրող յուրաքանչյուր քաղաքացու վրա»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը հանրաքվեի օրը շրջել է հայաշատ թաղամասերի ընտրատեղամասերում և նկատել, որ արկղերից դուրս եկող քվեաթերթիկների մեծ մասը «ոչ»-ի օգտին են եղել:
«Մեզ համար կարևորն այն է, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները երկիրը մեծ ալեկոծության մեջ են գցել»,- ասաց նա ՝ նկատելով, որ, փաստորեն, Թուրքիան չգնաց Արևմտյան բարքերի հետևից:
Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա նոր սահմանադրությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, Բագրատ Էստուկյանը պատասխանեց, որ կեղտոտ քաղաքականության մեջ է Թուրքիան ներքաշված, և նա, ինչպես և բոլոր Արևմտյան երկրները, պատասխանատու է Սիրիայում թափվող ամեն կաթիլ արյան համար:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա սահմանադրական փոփոխությունների հնարավոր ազդեցությանը՝ նա նշեց, որ միգուցե լավ է և բարեբախտություն, որ Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել մինչ այժմ:
«Եթե դրացին բարի չէ, լավ է չլինի, վտանգավոր է, հետևաբար լավ է, որ մեր հարաբերություններն այսպես մնան»,- ասաց նա՝ նկատելով, որ դրան հակառակ՝ Թուրքիայի և Հայաստանի հասարակությունների միջև հարաբերությունները որոշակի մակարդակի վրա են և դրանք զարգանալու միտում ունեն, ինչը «Ակոսի» խմբագիրը դրական գնահատեց: