Էրդողանի հաղթանակից հետո ազգայնականները մեկը մյուսի հետևից հրաժարական են տալիս. թուրքական կայքի անդրադարձը
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի հարցում իշխանություններին լայն աջակցություն ցույց տված և նախընտրական քարոզչության ժամանակ «Այո» բլոկի համար աշխատած «Ազգայնական շարժում» կուսակցության բարձրաստիճան մի շարք անդամներ հանրաքվեից հետո սկսել են մեկը մյուսի ետևից հրաժարական ներկայացնել, հաղորդում է թուրքական siyasihaber3.org կայքը:
Կայքը նշում է, որ ազգայնական գործիչներից շատերն ի սկզբանե դեմ են եղել կուսակցության նախագահի դիրքորոշմանն ու երկրում կառավարման նախագահական համակարգի առաջարկին սատարելու գաղափարին: Չնայած ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին նախընտրական ամբողջ շրջանում աջակցություն է ցույց տվել Էրդողանին՝ ազգայնականների մի մասը, այնուամենայնիվ, «Ոչ» է քվեարկել:
«Հանրաքվեում Էրդողանի հաղթանակից հետո, այս ամենը խայտառակություն ու դավաճանություն որակելով, ազգայնականները մեկը մյուսի ետևից հրաժարական են ներկայացնում», - գրում է թուրքական կայքը:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: