Ապօրինաբար տոմսեր են վաճառում զբոսաշրջիկներին, գումար վաստակում, ո՞վ է դա վերահսկում. Արմեն Ամիրյանը՝ քարանձավների շահագործման մասին (տեսանյութ)
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահեցնում է՝Հայաստանում քարանձավները կծառայեն միայն զբոսաշրջության զարգացման համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա շեշտեց, թե ցանկացած քարանձավի կամ պատմամշակութային հուշարձանի շահագործումն ու պահպանումը պետք բխի օրենքի և զբոսաշրջության զարգացման տրամաբանությունից։
«Դա շատ կարևոր է։ Մենք արձանագրել ենք, որ մարդիկ գումար են վերցնում, որ զբոսաշրջիկներն այնտեղ մտնեն։ Այսօր մեր քարանձավներն անմխիթար վիճակում են։ Նրանք ապօրինաբար տոմսեր են վաճառում, դրա միջոցով գումար վաստակում։ Ո՞վ է դա վերահսկում՝ ոչ ոք։ Ունենալով հստակ պայմանագրեր, պայմանավորվածություններ՝ մենք կկարողանանք վերահսկել այն և ապահովել հետագա գիտահետազոտական աշխատանքների իրականացումն այդ քարանձավներում, և այդ քարանձավների նշանակության մասին տեղեկությունը կտարածենք ամբողջ աշխարհում»,- ասաց Ամիրյանն՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության՝ քարանձավները վարձակալությամբ հանձնելու մասին որոշմանը։
Ամիրյանը հռետորական հարցադրում արեց. «Քարանձավները պատշաճ պահպանվո՞ւմ են, ո՛չ։ Ավելին՝ այսօր որոշ մարդիկ քարանձավներով ապօրինի գումար են աշխատում։
«Հավատացեք՝ ցանկացած քարանձավի կամ մշակութային հուշարձանի պատշաճ մակարդակով պաշտպանությունը կիրականացվի, եթե այն օգտագործվի ճիշտ խաղի կանոններով, եթե այն օգտագործվի զբոսաշրջության համար։ Թույլ տանք, որ ապօրինի գումարային շրջանառություն լինի՞։ Կարծում եմ, որ ոչ։ Մրցույթը հենց այդ նպատակով է։
Մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ վաղը բոլոր կողմ և դեմ կարծիքներ ունեցողներին հրավիրել է քննարկման՝ հասկանալու, թե ինչն է մտահոգում այդ մարդկանց։