Թող վերադառնան այն Էրդողանի մոտ, ում այդքան հավանում են. Գերմանիայում և Նիդեռլանդներում Էրդողանին աջակցող թուրքերին կոչ են արել լքել Եվրոպան
Նիդեռլանդներում և Գերմանիայում աջակողմյան ուժերը կոչ են անում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սատարող եվրոպաբնակ թուրքերին վերադառնալ Թուրքիա, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Նշենք, որ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի շրջանակում արտասահմանում քվեարկությանը մասնակցած թուրքերի միայն 39.09 տոկոսն է «Ոչ» քվեարկել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը: Նիդեռլանդներում, որտեղ արգելվել էր թուրք նախարարների նախընտրական քարոզարշավը, իսկ նախարարներից մեկի պարագայում հարցը հասել էր մինչև արտաքսում, թուրքական համայնքի 69.98 տոկոսն աջակցել է Էրդողանին: Գերմանիայի թուրքերը 63.11 տոկոսով նույնպես կողմ են արտահայտվել կառավարման նախագահական համակարգին: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ավստրիայում` 72.34 տոկոս «Այո»:
Նիդեռլանդների «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել երկրում բնակվող թուրքերին, որոնք աջակցել են Էրդողանի լիազորությունների ընդլայնման այս նախագծին, վերադառնալ Թուրքիա:
«Նիդեռլանդներում ապրող թուրքերը զանգվածաբար «Այո» են քվեարկել Էրդողանի բռնապետությանը: Դե հիմա զանգվածաբար էլ վերադարձեք Թուրքիա: Եթե այստեղ, օգտվելով այս երկրի ժողովրդավարությունից, ընտրում եք Էրդողանի բռնապետությունը՝ այստեղ անելիք չունեք», - ասել է հոլանդացի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ «Թուրքիան ընտրել է իսլամաֆաշիզմի ճանապարհը»:
Նշենք, որ հանրաքվեից հետո Նիդեռլանդներում կրկին սկսել է քննարկվել տեղի թուրքերին երկքաղաքացիությունից զրկելու հարցը:
Նույն իրավիճակն է Գերմանիայում, որտեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներից Ալիս Վեյդելը հայտարարել է, որ գերմանաբնակ թուրքերի տված ձայները ցույց են տալիս, որ վերջիններս այդպես էլ չինտեգրվեցին եվրոպական հասարակարգին և տեղ չունեն այդ հասարակության մեջ:
«Եթե այդպես է՝ թող վերադառնան այն Էրդողանի մոտ, ում այդքան հավանում են», - ասել է Վեյդելը:
Նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: