Բակերի բարեկարգում, վերելակների վերանորոգում… որոնք են Արաբկիր համայնքի խնդիրները` ըստ բնակիչների (տեսանյութ)
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Tert.am-ը հարցումների շարք է իրականացնում՝ պարզելու համար, թե Երևանի վարչական շրջաններում ինչ խնդիրներ կան: Մասնավորապես Արաբկիր համայնքում խնդիրները կապված են բակերի բարեկարգման, շենքերի կեղտոտ և վթարային լինելու, վերելակների ու մուտքերի վերանորոգման հետ: Ընդհանուր առմամբ՝ քաղաքացիները գոհ են գործող քաղաքապետի և ավագանու աշխատանքից:
«Մեր շենքի վերելակը շատ հին է, խայտառակ վիճակում է, երևի ինչ-որ դեպք պետք է պատահի, որ փոխեն: Շենքերը հին են, վթարային, Աստված չանի մի հատ երկրաշարժ լինի մենք կորած ենք»,- ասաց Մարդոյան Ժաննան և նշեց, որ առաջիկա ավագանու ընտրություններից սպասելիքներ չունի:
Փոխարենը մեկ այլ քաղաքացի՝ Փայլակ Հովհաննիսյանը, վստահ էր, որ ընտրություններից հետ շատ լավ է լինելու և ներկայումս էլ նկատում է, որ քաղաքի նկատմամբ խնամքը մեծացել է:
«Ես կուզենայի մեր բակ բարեկարգվեր, երեխաների համար խաղալու տեղ լիներ, շենքում ջուրը լավ չի աշխատում հաճախակի շատ կամաց է ծորում և տաք ջուր հնարավոր չէ միացնել»,-ասաց բնակիչներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ գոհունակություն հայտնեց ավագանու աշխատանքից և նշեց, որ շենքի մուտքերը, տանիքը վերանորոգվել է:
«Մեր մուտքերը ամբողջությամբ կեղտոտ է, հավաքարար չկա, որ մաքրի: Ես 50 տարի այդ շենքում եմ ապրում ոչ մի անգամ չեն վերանորոգել, իսկ համատիրություններն ասում են, թե գումար չկա»,-ասաց մեկ ուրիշ քաղաքացի: