ԱԺՄ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Վազգեն Մանուկյան
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի քաղաքապետի և ավագանու առաջիկա ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
«ԱԺՄ-ն չի մասնակցելու քաղաքապետի, ավագանու ընտրություններին: Մենք խորհրդարանական ընտրություններին չենք մասնակցել, հիմա ինչո՞ւ մասնակցենք, ո՛չ, չենք մասնակցելու»,- նշեց Վ. Մանուկյանը:
Հարցին, թե ակտիվ քաղաքականությունից դո՞ւրս եք գալիս, ԱԺՄ նախագահը պատասխանեց. «Այս րոպեին կարող եք ձևակերպել այդպես, այս րոպեին: Ակտիվ քաղաքական դիրքորոշումներին ես մնացել եմ, որովհետև Հանրային խորհուրդը ինձ հնարավորություն տալիս է ինձ ակտիվ քաղաքական դիրքորոշում ունենալ, բայց քաղաքական պայքար իշխանության տարբեր թևերում տեղ զբաղեցնելու համար այս պահին չունենք»:
Հիշեցնենք, որ մայիսին Երևանում տեղի կունենան ավագանու և քաղաքապետի ընտրություններ: Առայժմ մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «ԵԼՔ» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: