WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող հաքերային գործիքների և մեթոդների վերաբերյալ Vault 7 անվանումով փաստաթղթերի փաթեթի նոր մասը: Այդ մասին WikiLeaks-ը հայտնել է Twitter-ի իր էջում:
«Մութ գործ» (Dark Matter) անունը ստացած ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը հրապարակվել է մարտի 23-ին: Այդ փաստաթղթերում նկարագրվում էր Apple ընկերության սարքերը կոտրելու և վարակելու միջոցները:
Կայքի աշխատակիցները հայտնում են, որ Marble («Մարմար») նոր հրապարակումը պարունակում է համանուն գաղտնի ծրագրի ելակետային կոդի 676 ֆայլ: Նշվում է, որ Marble ծրագիրը քողարկում է ԿՀՎ-ի վիրուսային ծրագրերի տեքստերի հատվածները, որոնցից կարելի է հասկանալ, որ հենց գերատեսչությունն է կանգնած վիրուսի ստեղծման կամ հաքերային հարձակման իրականացման հետևում: Մասնավորապես այդ տվյալները թաքցվում են դատաբժշկական փորձագետներից և հակավիրուսային ընկերություններից:
Նշվում է, որ ծրագիրն օգտագործվում է բացառապես տվյալների քողարկման համար: