Վանաձորում գումարվել է ավագանու առաջին նիստը, ընդդիմությունն այն իրավազոր չի համարում
Վանաձորի քաղաքապետարանում այսօր կայացել է ընտրություններից հետո ավագանու առաջին նիստը: Ավագանու նիստին մասնակցել է 15 անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և Հայ Յեղափոխական Դաշնակցությունից։ Ավագանու անդամները շարունակել են բոյկոտը՝ «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խմբակցությունների անդամները ներկա չեն եղել։
Նիստի ընթացքում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հղում է արել ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին՝ նշելով, որ արդեն բավարար թվով անդամներ կան նիստ անցկացնելու համար:
Նիստի ներկայացված է եղել, 14 հարց, բացառությամբ 1-ի, բոլորը ընդունվել են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմությունը նիստն իրավազոր չի համարում:
«Իրավական հիմք միանշանակ չունի, ուղղակի քանի որ Մամիկոն Ասլանյանը մանդատագողությամբ է զբաղված, ինչպես ժողովուրդն է ասում՝ գող սիրտը դող, կարծել է, որ ԱԺ ընտրություններից հետո այլևս քաղաքապետ չի լինի, որոշել է գոնե մի անգամ նիստ գումարել»,-մանրամասնեց նա:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ տեղյակ չեն կոնկրետ՝ ինչ հարցեր են նիստի ընթացքում քննարկվել, ընդունվել, սակայն դրանք միանշանակ իրավական ուժ ունենալ չեն կարող:
«Նույն հաջողությամբ մյուս 15-ն էլ կարող են այդպիսի նիստ անել, բայց դա չի նշանակի, որ իրավազոր է»,-շեշտեց նա:
Tert.am-ը փորձեց կապ հաստատել նաև Մամիկոն Ասլանյանի հետ։ Հեռախոսահամարին պատասխանեց նրա օգնականը՝ նշելով, որ քաղաքապետը գործերով գնացել է Ալավերդի և մոռացել է հեռախոսը: