Հայաստանն առաջատար ուղղություն է դարձել ռուս զբոսաշրջիկների համար մայիսյան տոների ժամանակ. ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիա
Հայաստանը առաջատար ուղղություններից մեկն է ռուս զբոսաշրջիկների շրջանում, որոնք տոմսեր են ձեռք բերում մայիսյան տոներին ճանապարհորդելու համար: Այս մասին ասվում է ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիայի կայքում:
Հաղորդման համաձայն` Հայաստանը հասել է Վրաստանին՝ մայիսյան տոներին այդ երկիր մեկնելու առումով:
ՌԴ զբոսաշրջային շուկայի մասնագետների խոսքով՝ այդ ուղղությունների պահանջարկն այս տարի գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նրանց կարծիքով` դրան նպաստել է ռուբլու փոխարժեքի կայունացումն ու երկարատև ուղևորությունների մեկնելու հնարավորությունը:
Տուրօպերատորների գնահատումներով` այս սեզոնին զգալիորեն առաջ է անցել Հայաստանը, ինչին նպաստել է ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով ճանապարհորդելու հնարավորությունը, որը հնարավոր է դարձել փետրվարի 17-ին:
Բացի այդ, առավել մեծ տարածում են գտել համակցված տուրերը` Վրաստանի և Հայաստանի տարածքով: