Ժողովուրդը մեզ կտա որոշելու իրավունք՝ կպահանջի, չենք կարողանա՝ կզիջենք մյուսներին. Լյովա Խաչատրյան
Tert.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից Արագածոտնի մարզից առաջադրված ռեյտինգային պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանը, ի պատասխան հարցի, թե ինչու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոփոխություններից չէր խոսում այն ժամանակ, երբ կոալիցիայի մաս էր, արդյո՞ք այն ժամանակ փոփոխությունների կարիք չկար, ասաց, որ ինքը եղել է օրենսդիր իշխանությունում, բայց ունեցել է միայն խոսելու իրավունք:
«Մենք եղել ենք ընդամենը 36 հոգի, որից մի մասն էլ Ծառուկյանի՝ քաղաքականությունը թողնելուց հետո թռավ, մեզ իրավունք չի տրվել որոշում կայացնելու: Այս անգամ ժողովուրդը կտա որոշելու իրավունք՝ կպահանջի, չենք կարողանա՝ կզիջենք մյուսներին, մյուսները չեն կարող՝ կզիջեն մյուսներին»,-ասաց նա:
Ամփոփելով կոնկրետ իր քարոզարշավը՝ Լյովա Խաչատրյանը նշեց, թե Արագածոտնի մարզի 89 համայնքներում հանդիպումներ է անցկացրել, և մնացել էր միայն 25 համայնք:
«Միայն երեկ 9 համայնքում եմ եղել, 1600-ին հասնող թեկնածուներ կան, և պետք է կրնկակոխ միմյանց փոխարինենք հանդիպումներին, բայց բացարձակ ոչ մեկի մասին ոչ լսել են, ոչ գիտեն, ոչ էլ իրենք ներկա են եղել այդ համայնքներում: Կարծես թե քարոզարշավ չկա, մեկ-երկու ուժերի կողմից իմիտացիա էր, մի երկու տեղ դպրոցներից քշված ուսուցիչներ, աշակերտներ, և վերջ»,-ասաց նա:
Ըստ Խաչատրյանի՝ ընտրողների ակնկալիքը մեկն է՝ փոփոխություն: «Այլևս ոչ մեկի ճանապարհը չի հետաքրքրում, մարդկանց առաջին հերթին արդարությունն է հետաքրքրում, որ չլինի կոռուպցիա, ներդրումներին ոչ մեկ փայ չմտնի, ՓՄՁ-ները ծաղկեն, գազի ու հոսանքի գինը լինի այնքան, ինչքան իրականությունն է, որ աշխատանք ունենան, իրենց ընտանիքը պահեն, ազատ հասարակություն ձևավորվի։ Ոչ թե ամեն փետ ու երկաթ որ բերում են, սոխ ու կարտոլ ձևակերպեն, որ հարկերը չմուծեն, որ ունենանք բյուջե, որպեսզի անենք այն, ինչ պետության պարտքն է, այդ թվում՝ նաև ասֆալտապատենք»,-ասաց նա:
Լյովա Խաչատրյանը նշեց, թե Ղարաբաղի լուծման բանալին տնտեսության զարգացումն է: «Կունենանք հզոր տնտեսություն, մեզ հետ հաշվի կնստեն, չենք ունենա՝ չեն նստի»,-ասաց նա: