Բուլղար ազգայնականները փակել են Թուրքիայի հետ սահմանը` թուրք ընտրողների մուտքն արգելելու համար
Բուլղար ազգայնականներն արգելափակել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետերը` կանխելու Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող թուրքերի մուտքը երկիրը:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս քայլով ազգայնականները ցանկանում են խոչընդոտել էթնիկ թուրքերի քվեարկությունը կիրակի երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` երկու երկրի միջև ստեղծված լարվածության ֆոնին:
Սոֆիան Անկարային մեղադրել է երկրում խոշորագույն էթնիկ փոքրամասնություն հանդիսացող բուլղարացի թուրքերի շահերը ներկայացնող կուսակցության միջոցով ընտրություններին միջամտելու մեջ: Հարցումների տվյալներով` այդ կուսակցությունը կարող է հաղթահարել ձայների 4 տոկոսի շեմը, որն անհրաժեշտ է խորհրդարանում տեղեր ստանալու համար:
Ազգայնականները սահմանն արգելափակել են «Ձեռքներդ հեռու Բուլղարիայից» և «Ոչ ընտրական զբոսաշրջությանը» պաստառներով:
Նրանց խոսքով` ավելի քան 1000 մեքենա թուրք ընտրողներով մտադիր է անցնել սահմանը, որն, ազգայնականների կարծիքով, թուրքական պետականության կողմից հովանավորվող և կազմակերպվող ակցիա է: