Նախընտրական շրջանում Արցախյան հարցում կարգավորման որևէ ծրագրից խոսելը հիմնական խնդիրներից շեղում է նշանակում. Արայիկ Հարությունյան
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող, արևելագետ Արայիկ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, ասաց, որ դաշինքը նախընտրական այս փուլում հնարք է օգտագործում, որը թույլ է տալիս խուսափել ներքաղաքական խորքային խնդիրների մասին խոսելուց՝ ամեն ինչ բարդելով արցախյան հիմնահարցի վրա: Բացի դրանից՝ նա գտնում է, որ հարցազրույցի տողատակում ազդակներ կան, որոնք ցույց են տալիս, որ Կոնգրեսը Արցախյան հարցում պատրաստ է աջակցել ՀՀԿ-ին, իսկ թե դա որքանով արդյունքների վրա ազդեցություն կունենա, ժամանակը ցույց կտա:
«Ես չգիտեմ ինչ բանակցային գործընթացի մասին է խոսում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև մոտ մեկ տարի է, ինչ գրեթե բանակցություններ չկան: Ամենասկզբում էլ տարաձայնությունների մեծ մասը եղել են հիմնականում տեխնիկական, և պարզ է, որ տարիների ընթացքում դրանք ինչ-որ լուծումներ ստացել են: Բանակցային գործընթացի հենց սկզբից էլ երկու-երեք հիմնական խնդիր է եղել, թե որ սկզբունքի հիման վրա է կարգավորվելու հարցը»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ, ըստ իրենց դաշինքի, խիստ խախտված է ռազմական հավասարակշռությունը և Ադրբեջանի կողմից համենայնդեպս վերջին մեկ տարում բանակցությունների գնալու որևէ պատրաստակամություն նկատելի չէ: Ըստ նրա՝ այս նախընտրական փուլում կարգավորման որևէ ծրագրի կամ բանակցային գործընթացի մասին խոսելը հիմնական խնդիրներից շեղում է նշանակում: «Այսինքն՝ դա մի թեմա է, որի հետևում կարելի է թաքնվել ու Հայաստանի ներքաղաքական խորքային գործընթացների մասին չխոսել»,- ասաց նա և նշեց, որ այնուամենայնիվ Արցախյան հիմնահարցը իրենց ներքաղաքական օրակարգում կա:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ եթե այսօր կա մի գերտերություն, որը մեծապես շահագրգռված է հարցի շուտափույթ կարգավորմամբ, ՌԴ-ն է: Ըստ արևելագետի՝ եթե Ռուսաստանի շահերից բխեր հարցի կարգավորումը, ապա այդ երկիրը զանգվածաբար զենք չէր վաճառի Ադրբեջանին՝ խախտելով ռազմաքաղաքական հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի:
«Այստեղ ակնհայտ է, որ համենայնդեպս այս պահին նման ցանկություն Ռուսաստանը չունի: Ռուսաստանը մշտապես այդ հարցը պահում է իր վերահսկողության տակ և կիսասառեցված վիճակում, որպեսզի ազդեցություն ունենա հարավկովկասյան երկու պետությունների վրա: Եթե մի պահ պատկերացնենք, որ հարցը կարգավորվել է, ապա Ռուսաստանը երկու երկրների վրա ազդելու լուրջ լծակներ է կորցնում: Դրա համար չեմ կարծում, թե Ռուսաստանի առաջ քաշած կարգավորման լավրովյան ծրագիրը, որով առաջարկվում է տարածքների դիմաց ստանալ խաղաղություն, իսկ կարգավիճակի խնդիրն անորոշ ժամանակով հետաձգվում է, բխում է Հայաստանի շահերից, որովհետև կարճ ժամանակ հետո Ադրբեջանը կարող է այլ պահանջներ դնել և ինքնորոշման իրավունքի հարցը ընդհանրապես հետ մղել երկրորդ պլան»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե լինի փաթեթային լուծում, ապա կարելի է քննարկել:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը մշտապես տարիների ընթացքում ավելի պատրաստակամ է եղել խնդիրը խաղաղ կարգավորելու հարցում, բայց գրեթե երբեք չենք տեսել, որ միջազգային հանրությունը միակողմանի քննադատի կամ միակողմանի պահանջներ ներկայացնի Ադրբեջանին: