Ֆրանսուա Ֆիյոնը ետ է վերադարձրել նվեր ստացած թանկարժեք կոստյումները
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ ետ է վերադարձրել ընկերոջ կողմից նվեր ստացած թանկարժեք կոստյումները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դա սխալ էր. ես չպետք է ընդունեի նման նվերներ», - Ֆիյոնը նշել է այն բանից հետո, երբ Journal du Dimanche պարբերականը մեղադրել է իրեն չափազանց թանկ հագուստ կրելու համար: Ըստ հրապարակման՝ վերջին հինգ տարիների ընթացքում, այսինքն 2012 թ.-ից սկսած, քաղաքական գործիչն իր պաշտոնական կոստյումների վրա մոտ 35,5 հազար եվրո է ծախսել:
Թերթը նաև պարզել է, որ փետրվարի սկզբին, Ֆիյոնի «բարեկամներից» մեկը 13 հազար եվրոյով ևս երկու կոստյում է նվիրել քաղաքական գործչին:
Ֆիյոնը հաստատել է, որ իսկապես որպես նվեր երկու թանկ կոստյում է ստացել «հին ընկերոջ»՝ փաստաբան Ռոբեր Բուրժեի կողմից, ում ճանաչում է ավելի քան քսան տարի: Այնուամենայնիվ, քաղաքական գործչի այս բացատրությունը չի բավարարել լրագրողներին, ովքեր ցանկացել են պարզել, թե ինչով էին թելադրված նման շռայլ նվերները:
«Այս ժեստը չի նշանակում, որ փաստաբանը փորձել է կաշառել Ֆիյոնին, սակայն պետք է խուսափել նման նվերներից, երբ խոսքը գնում է քաղաքական շրջանակների, առավել ևս նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մասին», - ասել է կոռուպցիոն ռիսկերի փորձագետը:
Հարկ է նշել, որ, չնայած Ֆրանսուա Ֆիյոնի անվան հետ կապված տարատեսակ սկանդալներին, նա շարունակում է մնալ այս գարնանը կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտների եռյակում: