Արայիկ Գրիգորյանն աշխատում է Հանրապետականի թիմում, ո՞նց կարող է պատվեր կատարի. Ալիկ Սարգսյան
Արարատի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, ում վերագրվում են ոչ փայլուն հարաբերություններ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և նրա՝ ՀՀԿ-ից առաջադրված եղբայր Արայիկ Գրիգորյանի հետ, չի կարծում, որ Արայիկ Գրիգորյանը կարող է աշխատել նախկին վարչապետ, այժմ՝ անկուսակցական Հովիկ Աբրահամյանի համար:
«Ես, ճիշտն ասած, էդ հրապարակումը չեմ նայել, ամեն դեպքում, Արայիկ Գրիգորյանը Հանրապետականի թիմում է, աշխատում է Հանրապետականի համար: Ի՞նչ պատվերի մասին է խոսքը»,-ասաց Ալիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այս մարզի քաղաքական գործընթացների գիտակ, ծնունդով արարատցի, ներկայումս Բելգիայում քաղաքական ապաստան հայցած նախկին ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը Առաջին լրատվականի հետ զրույցում հայտնել էր, թե Արարատի մարզում ընտրություններն առանձնահատուկ բնույթի են, քանի որ Արարատի մարզում սեփականատեր է փոխվում, և Արայիկը, շատ մոտ հարաբերություններ ունենալով Հովիկ Աբրահամյանի հետ, շահագրգռված է ցույց տալու, որ Ալիկ Սարգսյանը չի կարող մարզը տիրապետել:
«Ինչո՞ւ են ընդհարումները լինում Արայիկի ու Ալիկ Սարգսյանի շտաբների միջև: Դա նշանակում է, որ Արայիկ Գրիգորյանը Հովիկ Աբրահամյանի պատվերն է կատարում, իրենք չեն կարող իրար հետ բախվել, իրենք իրար նույնիսկ օգնում են, ես դա գիտեմ»,- ասել էր Գրիշա Վիրաբյանը:
Ալիկ Սարգսյանը, ով ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ եթե Արարատի մարզում կան հեղինակություններ, ապա առաջինը ինքն է, պատասխանելով հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը շարունակո՞ւմ է մարզում պահպանվել, ասաց. «Շատերն ազդեցություն ունեն, ինչու ոչ՝ նաև Հովիկ Աբրահամյանը, և ընտրությունների արդյունքում քաղաքական առումով մի հատ կֆիքսենք՝ ինչ է կատարվում, ինչ տրամադրություններ կան»:
Իսկ հարցին, թե, փաստորեն, այլևս նախկին թիմակից Աբրահամյանների կողմից տեսնո՞ւմ է արդյոք «գորգի տակի» գործընթացներ, Ալիկ Սարգսյանը պատասխանեց.
«Ոչ, ես որևէ խախտում որևէ թեկնածուի կողմից այս պահին չեմ տեսել, բոլորը զբաղված են իրենց քարոզարշավով, իրենց գործն են անում և առանձնապես տենց անհանգստության թեմա չկա, որ ես բարձրացնեմ, ասեմ՝ մի կուսակցության կողմից այնպիսի մի բան է արվում, որը խախտում է Ընտրական օրենսգիրքը»։
Նշենք, որ Մխչյանի գյուղապետարանից հայտնել էին, որ գյուղապետը, ում անունը կար Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հրաժարական ներկայացած գյուղապետերի թվում, տևական ժամանակ է՝ գտնվում է արձակուրդում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էր Մխչյանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը:
Հարցին, թե արդյոք չե՞ն կազմալուծվում գյուղապետարանի աշխատանքները, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Հավատացեք՝ էդքան ժամանակ չունեմ նման բաներով զբաղվելու: Եվ դա ինձ համարյա չի հետաքրքրում՝ ով ա արձակուրդ գնացել, ով ինչ է անում: Իսկ գյուղապետարանի աշխատանքները չեն կարող կաթվածահար լինել, քանի որ փոխարինող կա: Առավել ևս, որ Մխչյանի գյուղապետը հանրապետական կուսակցության անդամ էլ չէ»:
Ալիկ Սարգսյանը նաև այն կարծիքին չէ, որ Արարատն այն մարզն է, որը ապրիլի 2-ին մասնակցող քաղաքական ուժերի համար գրեթե ռազմավարական նշանակություն ունի: «Նույնիսկ մամուլը գրել էր, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն իրենց քարոզարշավի վերջին օրերը թողել են Արարատի մարզին: Չեմ կարծում, որ Արարատի մարզը տենց առանձնացնելու խնդիր կա, բոլոր տեղերում էլ նույն իրավիճակն է և բոլոր տեղերում էլ հետաքրքություն ունեն՝ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն»,- ասաց Ալիկ Սարգսյանը:
Ի դեպ՝ Ալիկ Սարգսյանն այսօրվանից մասնակցում է պաշտոնական քարոզարշավին՝ այցելելով Ոստան, ապա Քաղցրաշեն գյուղեր: