ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագիրը մեզնից շատերի ակնկալածից ավելին է. Ռիչարդ Կիրակոսյան
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Բրյուսել մեկ աստիճանով վերականգնեց և վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության միջև ստրատեգիական հարաբերությունները 2013 թվականի Հայաստանի որոշումից հետո․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
«Համաձայնագիրը իմ ակնկալածից ավելին է: Այնտեղ կա քաղաքական ասոցացում, բայց այն, իհարկե, ասոցացման համաձայնագիր չէ: Ինձ համար անակնկալ էր այն, որ տնտեսական ոլորտը համաձայնագրում գերիշխում էր, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է. այնտեղ համաձայնություն կար ներդրումների, ավիացիոն ոլորտում շուկայի ազատականացման, «բաց երկնքի» քաղաքականության, բարեփոխումների վերաբերյալ։ Այնտեղ կան կարևոր էլեմենտներ, որոնք ներառում են անվտանգության ոլորտը: Դա համաձայնագիրը դարձնում է ավելի կարևոր, քան մեզնից շատերը կարող էին ակնկալել»,-ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ համաձայնագիրն ինքն իրենով օգտակար է և հաջող Հայաստանի համար:
«Այստեղ կա երկրորդ առավելությունը. սա նաև ճանապարհ է Ռուսաստանի հարգանքը վայելելու համար»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծես վիզայի դյուրացման գործընթացի վերաբերյալ համաձայնագրում խոսք չկա, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Վիզայի դյուրացման գործընթացը՝ ներառյալ ռեադմիսիան և այլն, հաջորդիվ է լինելու: Ենթադրվում է, որ դրա շուրջ քննարկումները կլինեն ԵՄ-ի և Հայաստանի միջև հաջորդ բանակցություններին: Մոլդովան և Վրաստանն այս հարցում ավելի արագ են առաջ շարժվում, քանի որ նրանք Եվրամիության հետ կնքել են Ասոցացման համաձայնագիրը: Բայց դա լինելու է քաղաքական թեստ Բրյուսելից՝ ուղղված Հայաստանին ՝ իրականացնելու նրանց սպասումները»:
Հիմա, վերլուծաբանի նկատառմամբ, վստահություն կա Հայաստանի և Եվրամիության միջև և կար մինչև Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել:
«Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից եկած հրավերն ընդունելու որոշումն արդեն նշան է, որ այո, վստահությունն ու սերտ համագործակցությունը հիմա կա»,- ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանը, ով նախորդ շաբաթ Բրյուսելում մասնակցել էր Հայաստանի և ԵՄ-ի միջև եղած հարաբերություններին վերաբերող քննարկումներին, նշեց, որ Եվրամիության դրական վերաբերմունքը պայմանավորված է նաև նրանով, որ այսպես՝ Եվրամիությունը ամրացնում է Արևելյան գործընկերությունը և հաղթահարում այն շփոթմունքը, որ առաջացել է 2013 թվականից՝ Հայաստանի՝ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշումն ընդունելուց հետո:
«Եվրամիությունը նաև ապրիլյան պատերազմից հետո Հայաստանին դիտարկում է որպես գործընկեր այս տարածաշրջանում,- ասաց նա՝ հավելելով, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը ոչ անմիջական, սակայն ազդեցություն է ունենալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա,- որքան շատ մենք ուժեղացնենք մեր երկրում դեմոկրատիան, տնտեսական բարեփոխումները և կառուցենք ուժեղ երկիր, այնքան առավել շատ Հայաստանը կարող է ուժեղ լինել»:
Նրա խոսքով՝ հիմա արդեն Եվրամիությունում հասկանում են, թե ինչ է կատարվել 2013 թվականին և Երևանում էլ արդեն հասկանում են, որ կարիք կա արդարանալու Բրյուսելի առջև 2013 թվականի որոշման համար:
«Այսպիսով՝ սա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր գլուխ է, որն իր վերջնակետին հասավ Նախագահ Սարգսյանի՝ Բրյուսել այցով»,- ասաց նա:
Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման պայմանագիր կնքելու մասին դեռևս խոսք չկա:
«Նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրելը կարևոր է Հայաստանի համար այժմ, քանի որ հիմա Ադրբեջանը ևս ցանկանում է նույնատիպ համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Ադրբեջանը երևի թե այս գործընթացում հաջողություններ կունենա, բայց Ադրբեջանը չի էլ կարող երազել Եվրամիության հետ կնքել այնպիսի համաձայնագիր, ինչպիսին Հայաստանն է կնքել»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանն այս անգամ չխոչընդոտեց Հայաստանին Եվրամիության հետ համաձայնագիր կնքելուն, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց․ «Իրավիճակն այն ժամանակ տարբեր էր: Հիմա նաև Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է: Հայաստանի՝ Եվրամիության հետ այդպիսի համաձայնագիրը նույնպես ճանապարհ է Եվրասիական տնտեսական միության համար առավել շատ հնարավորություններ ունենալու համար, քանի որ Հայաստանը նրա անդամն է: Բացի այդ, Ռուսաստանի համար այլևս ոչ մի սպառնալիք չկա, ինչպես 2013 թվականին էր՝ Ուկրաինայի հետ կապված: Բայց ամենակարևորն այստեղ այն է, որ Ռուսաստանը նկատում է Հայաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը, և հիմա Ռուսաստանը կարիք ունի առավել ճկուն լինելու: Մենք հնարավորություն չունենք այլևս առևտրի շուրջ համագործակցելու, որովհետև մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, բայց այնուամենայնիվ Եվրամիության համաձայնագրում տնտեսական մասը ավելի շատ է, քան մենք սպասում էինք, և խորը քաղաքական ասոցացման մեջ ենք»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ոչինչ չի կարող հիմա խոչընդոտել Եվրամիության հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: